Մամուլ

Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս:

Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին: Վարչապետը նշել է, որ այժմ Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: «Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում»,- ասել է վարչապետը:

Ողջունելով զինծառայողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի կուրսանտներ, ձեր կյանքում, թերևս, սկսում է ամենակարևոր շրջաններից մեկը, երբ դուք ծառայության եք անցնում հայրենիքին: Ես համոզված եմ՝ ձեր ծնողները, հարազատները ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել և այդ հորդորներից կարևորագույնը, թերևս, եղել է պատվով ծառայել, լավ ծառայել հայրենիքին: Ես ուզում եմ, բացի այն ընդհանուր շրջանակը, որի մասին սովորաբար ասվում է, այս առիթն օգտագործել՝ գծագրելու այն բովանդակությունը, որը պիտի գործնականում նշանակի լավ ծառայել հայրենիքին:

Ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զինվորական գործը, զինվորական ծառայությունը, զինվորական մասնագիտությունն ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Մենք երբեմն հաճախ զինվորական ծառայությունը, բնականաբար, ընկալելով որպես համազգեստի, կոշիկի, սննդի, տեխնիկական, նյութատեխնիկական այլ հարցերի համատեքստում, որը չափազանց կարևոր է, սակայն շատ հաճախ չենք նկատում, որ զինվորական գործն ամենաինտելեկտուալներից մեկն է:

Եվ, հատկապես, որ գտնվում ենք ուսումնական զորամասում,  ես ուզոմ եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ հնարավորության վրա. ի՞նչն է մեր զինվորի, ընդհանրապես, ժամկետային զինվորական ծառայության անցնող զինվորի երկտարյա ծառայության կարևորագույն գործերից մեկը:

Զինվորը մտնում է ուսումնական զորամաս և ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ նա այստեղ պետք է սովորի զինվորական գործ: Սա նշանակում է, որ բանակում՝ հատկապես ուսումնական զորամասում, մեր զինվորները ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, սովորում են բազմաթիվ նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել, անկախ նրանից, դուք հետագայում զինվորական գործով կզբաղվեք, թե՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը զինծառայողների ուշադրությունն է հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: «Եվ մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ  զինվորի ուսումնառության այս շրջանը մենք մաքսիմալ արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը բանակից զորացրվելիս լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչև զինվորական ծառայությունը»:

Share