Մամուլ

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ կխորանան Երևանի եւ ԱՄԷ քաղաքների միջև բարեկամական կապերը:

Դեսպան Ալ Զաաբին նշել է, որ Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՄԷ-ի շուրջ 500 կազմակերպություններ, դրանց զգալի մասը՝ Երևանում: Դեսպանը հույս է հայտնել, որ, հաշվի առնելով քաղաքի հարմարավետ պայմանները, այդ թիվը կմեծանա:

Մասնավորապես, ըստ դեսպանի,  համագործակցության լայն դաշտ կա նորարար տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ճարտարապետության, ժամանակակից կառուցապատման, կանաչապատման  և այլ ոլորտներում:

Կողմերը նշել են, որ մայիսին կայանալիք ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև Երևանին վերաբերող մի շարք ծրագրեր:

Կիսվել նյութով