Մամուլ

Հայկական եկեղեցին իր ավանդական գորգերով. նախաձեռնությունը շուտով գորգով կապահովի Շուշիի եկեղեցիները

Վատիկանում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ իրականացվող հայկական եկեղեցիներն ավանդական գորգերով ապահովելու բարեգործական ծրագրի շրջանակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցիների համար նախատեսված գորգերը պատրաստ կլինեն մինչև հուլիս:  «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը նշել է, որ հուլիսին արդեն գորգերը պետք է ներկայացված լինեն դեսպան Մինասյանին:

«Յուրաքանչյուր եկեղեցու համար գործվում է 3 գորգ: Այսինքն` ամեն եկեղեցու համար հյուսվում են անվանական առանձին գորգեր` ներառելով հայկական ավանդական նախշազարդեր: Դրանք վերցվում են նաև եկեղեցիների շենքերի վրայի փորագրություններից, զարդաքանդակներից»,-ասաց Լեոնիդ Անդրեասյանը: Ակտիվ աշխատանք է տարվում ձեռագործ գորգերի դիզայներ Նաիրա Մխիթարյանի, ինչպես նաև եկեղեցիների հետ:

Լեոնիդ Անդրեասյանը շատ կարևոր համարեց նման նախաձեռնությունը` նշելով, որ այն իր նպաստը կբերի գորգագործության մշակույթի հանրայնացմանը:

«Որքանո՞վ է ճիշտ, երբ հայկական եկեղեցիներում ոչ հայկական գորգեր են: Կարծում եմ` դա անհամատեղելի է: Այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է հայկական եկեղեցիներում նախ ձեռագործ գորգեր ներկայացնելու, երկրորդն էլ հայկական նախշազարդերը հանրայնացնելու առումով:

Սա կօգնի մեկ անգամ ևս ընդգծել գորգագործության մշակույթի կարևորությունը», – ասաց Լեոնիդ Անդրեասյանը: Նրա խոսքով, այս նախաձեռնությունը զբոսաշրջիկների շրջանում հայկական նախշազարդերով ձեռագործ գորգերը ներկայացնելու առումով նույնպես կարևոր է:

Կիսվել նյութով