Մամուլ

Հայաստանում կլինի այլընտրանքային օրհներգ, թեկուզ ոչ պաշտոնական՝ կդրվի շրջանառության մեջ. Ալեն Սիմոնյան. «Հժ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

Փետրվարի 20-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա նոր հիմնի տեքստի մրցույթի մասին։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունն արել էր նաեւ ֆեյսբուքյան իր էջում, որը հանրության շրջանում ակտիվ քննարկումների առիթ էր դարձել։

Այսօր շատերը Ալեն Սիմոնյանի այս առաջարկությունն անհեթեթություն են որակում՝ համարելով անիմաստ եւ անկարեւոր զբաղմունք։ Շատերի կողմից էլ օրհներգը փոխելու՝ ԱԺ փոխխոսնակի գաղափարը ճիշտ հակառակ արձագանքին է արժանացել, խրախուսվել եւ մեծ ոգետրությամբ է ընդունվել, ձեռք բերել նաեւ արվեստագետների աջակցությունը։

ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ առաջարկի շուրջ քարկոծումներն ու քննադատությունները գնալով ավելի մեծ թափով կտարածվեն եւ իր ծրագիրը պարզապես կարող է չիրականանալ. «Նախ եւ առաջ մի բան հասկանանք, չի կարելի մարդուն քննադատել եւ քարկոծել կարծիքի համար։ Չի կարելի հարձակվել մարդու վրա իր կարծիքի համար։ Հայաստանի Հանրապետությունում այլեւս բարձրագույն արժեք է ցանկացած մարդու կարծիք։ Ուստի, ազատ կարծիք հայտնելու իրավունք ունենք բոլորս։

Ալեն Սիմոնյան

Առավել եւս մարդ, որն անցած ճանապարհ ունի՝ օրինակ ես»։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ արդեն որոշակի արդյունքի հասել է. նախ՝ ֆիքսվել է, որ միանշանակ չէ վերաբերմունքը գործող օրհներգի՝ «Մեր հայրենիք»-ի նկատմամբ, երկրորդ՝ Հայաստանում կլինի այլընտրանքային օրհներգ, թեկուզ ոչ պաշտոնական՝ կդրվի շրջանառության մեջ։

«Օրհներգը հարգանքի պես մի բան է, այն չես կարող օրենքով սահմանել։ Եթե մարդիկ իրենց սրտերում որոշեցին, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը եւ այն տեքստը, որը կգրվի այդ երաժշտության համար՝ շատ ավելի հոգեհարազատ է, ապա կարեւոր չի լինի, թե օրենքի մեջ ինչ է գրված։

Այս փուլում ես դեռ չեմ էլ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ պարզապես այլընտրանք է ստեղծում այն բոլոր մարդկանց համար, որոնց պայմանականորեն հույս է տվել։ ԱԺ փոխխոսնակը նաեւ նշեց, որ չի ուզում այնպես ստացվի, որ մի բան է ասել, ապա իր խոսքից հետ է կանգնել. «Ես այդ մարդը չեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով