Մամուլ

Հայաստանյան խանութներում ադրբեջաներեն մակնշմամբ կոնֆետ է հայտնաբերվել

Հայաստանյան խանութներում ադրբեջաներեն մակնշմամբ կոնֆետներ են հայտնաբերվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը։

«Կոնֆետը հայերեն մակնշում չուներ, բայց ուներ ադրբեջաներեն մակնշում։ Մի քանի լեզվով մակնշում կար, բայց հայերեն չկար»,– ասաց Ավետիսյանը։

Դա, նրա մեկնաբանմամբ, ոչ միայն հայաստանյան օրենսդրության խախտում է, այլև նշանակում է, որ կոնֆետները նախատեսված չեն եղել Հայաստան արտահանվելու համար։

Խոսքը իտալական «Ferrero SpA» ընկերության արտադրության «Ռաֆաելլո» և «Ֆեռերո Ռոշեր» կոնֆետերի մասին է, որոնք, սակայն, Հայաստան են ներկրել ոչ թե «Ferrero SpA»-ի պաշտոնական ներկայացուցիչ հայկական ընկերության, այլ, ինչպես Գեորգի Ավետիսյանն ասաց` ինչ-որ անհասկանալի կազմակերպության կողմից։

«Ներմուծողին չկարողացանք գտնել։ Կոնֆետները ձեռք են բերվել «Սուրմալու» տոնավաճառից։ Կա՛մ մաքսանենգ ճանապարհով է մտել Հայաստան, կա՛մ մինչև 25 կամ 50 կգ անհատական անմաքս ներկրման շրջանակներում»,– ասաց Ավետիսյանը։

Կասկածելի ճանապարհով Հայաստանում հայտնված կոնֆետների հայտնաբերված խմբաքանակը վաճառակետերից առգրավվել է, իսկ բացահայտման վերաբերյալ ուսումնասիրությունները ՍԱՊԾ-ում դեռ ավարտված չեն։

Հիշեցնենք` 2019թ.–ի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային տարածքից Հայաստան ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանվել է 500 եվրոյին համարժեք գումար և 25 կիլոգրամ առավելագույն շեմ։ Ընդ որում, ապրանքը պետք է ներկրվի բացառապես անձնական օգտագործման նպատակով։ Դրա վաճառքն արգելվում է։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով