ԱշխարհՄամուլ

Հայաստանի քաղաքացիները ժպիտում են. թուրքական ԶԼՄ–ները` «թավշյա հեղափոխության» մասին

Հայաստանի քաղաքացիների դեմքերին ժպիտ է, նրանք պայծառ ապագայի հույսեր ունեն, թեև «թավշյա հեղափոխությունից» դեռ կարճ ժամանակ է անցել։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը՝ հղում անելով Cumhuriyet թուրքական ընդդիմադիր թերթին, որը Հայաստանի իրադարձություններն անվանել է «XXI դարի անարյուն հեղափոխություն»։

Հրապարակման համաձայն` Երևանի բնակիչներն ասում են, որ նախկինում եղած վախի մթնոլորտը չկա։ Մինչ վերջերս մասնավոր զրույցներում մարդիկ միայն բողոքում էին, իսկ հիմա մտածում են` ինչպես խնդիրները լուծել, նշում է Նազան Օզջյանը։

Նրա կարծիքով` հայերը գիտակցում են, որ կյանքը վայրկենական դեպի լավը չի փոխվի, բայց հավատում են, որ հիմա փոփոխություններ անելու ուժ ունեն։

«Նույնիսկ բարդ տնտեսական իրավիճակը հեղափոխության նշանակության վրա ստվեր չի գցում։ Մինչև գիշերվա ժամը երկուսը փողոցները մարդաշատ են, երիտասարդները զվարճանում են, ռեստորաններում դժվար է ազատ սեղան գտնել», – գրում է Օզջյանը։

Հոդվածի հեղինակը հայկական իրադարձությունների առանցքային պահ է համարում յան, որ ժողովուրդը կարողացել է իշխանության հրաժարականին հասնել առանց արյուն թափելու ու հանրահավաքների 11–րդ օրը։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով