Մամուլ

Հայաստանի տնտեսությունում առկա են հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են ներդրումների հոսքերը. Կարեն Սարգսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Սարգսյանը իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին արդեն իսկ բազմաթիվ տեսակետներ և քննադատություններ են հնչել, չնայած վերջինս այդպես էլ ԱԺ-ում ընդունվեց, ինչը բնականաբար սպասելի էր:

Այնուամենայնիվ մի քանի մասնագիտական դիտարկումներ ներկայացնեմ վերջինիս տնտեսական բաղադրիչի վերաբերյալ.

Նոր կառավարության կողմից բազմիցս խոսվում է Հայաստանում տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին, սակայն կազմվեց և հաստատվեց մի ծրագիր, որն այդքան էլ հեղափոխական չէր: Բացի այն, որ Ծրագիրը կազմվել է մասնագիտական ոչ պատշաճ մակարդակով, մի շարք եզրույթների աղավաղմամբ, այն չի պարունակում նաև հստակ միջոցառումներ, դրանց համար սահմանված ուղենիշներ, որոնցով հնարավոր կլիներ ապահովել Ծրագրի հիմքում դրված գաղափարների կյանքի կոչումը:

Ընդհանուր առմամբ, ծրագրում ներկայացված գաղափարները բավական պոզիտիվ են, սակայն դրանք ընդամենը կարող են ծառայել որպես սկզբունքներ, որոնցով պետք է առաջնորդվի Կառավարությունը՝ տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս: Առհասարակ, ցանկացած ծրագիր պետք է ունենա հստակ ռազմավարական նպատակ, սկզբունքներ, գործիքակազմ, թիրախներ, միջոցառումներ, ուղենիշներ: Ըստ Կառավարության ծրագրի՝ տնտեսական քաղաքականության նպատակը աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումն է:

Նշեմ, որ սա ընդամենը տնտեսական արդյունավետ քաղաքականության արդյունք կարող է լինել, իսկ որպես նպատակ պետք է սահմանված լիներ կայուն տնտեսական աճի ապահովումը, եթե խոսում ենք ռազմավարական մակրոտնտեսական նպատակի և տնտեսության մեջ արմատական փոփոխությունների մասին: Չեմ կարծում որևէ մեկը չհամաձայնվի այն պարզ տրամաբանության հետ, որ եթե տնտեսությունը կայուն զարգանում է, ապա անխուսափելիորեն բացվում են նոր աշխատատեղեր և բարձրանում է ազգաբնակչության կենսամակարդակը:

Կառավարության ծրագրում չենք տեսնում քանակական հստակ չափելի ցուցանիշներ, բացառությամբ մի քանի ընդհանրացված և միջինացված ցուցանիշների: Իսկ տնտեսությունը որպես կանոն կոնկրետություն է սիրում, հստակ թվեր, առավել ևս եթե խոսում ենք Կառավարության ծրագրի մասին:

Անդրադառնանք ներկայացված սուղ ցուցանիշներից թերևս ամենագլխավորին՝ ՀՆԱ աճի ցուցանիշին, որն ըստ Ծրագրի՝ ծրագրային ժամանակահատվածում միջինում պետք է կազմի 5 տոկոս: Ինչպես տեսնում ենք, խոսքը գնում է ոչ թե իրական ՀՆԱ-ի՝ ճշգրտված սղաճով, այլ անվանական ՀՆԱ-ի մասին, ասել է թե, եթե հաշվի առնենք սղաճը, որը համաձայն ԿԲ կողմից սահմանած նպատակային ցուցանիշի՝ առաջիկա 3 տարիների համար կանխատեսվում է 4% , ապա իրական ՀՆԱ-ի շոշափելի աճ հնարավոր է տեղի չունենա:

Իսկ տնտեսության մեջ հեղափոխություն (չնայած ես վերջինիս փոխարեն կօգտագործեի կայուն առաջանցիկ տնտեսական աճ եզրույթը, քանի որ տնտեսական հեղափոխությունը որպես կանոն ենթադրում է տնտեսության կացութաձևի ու արտադրական հենքի արմատական փոփոխություն) իրականացնելու համար անհրաժեշտ է տնտեսության մեջ ապահովել առվազն երկնիշ տնտեսական աճ, ինչը Հայաստանում վերջին անգամ տեղ է գտել 2007 թվականին՝ ավելի քան 11 տարի առաջ:

Այսինքն, սա նշանակում է Հայաստանի տնտեսությունում հետճգնաժամային հատվածում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են տնտեսական ակտիվությանը, ներդրումների հոսքերին, արտադրության զարգացմանը և զբաղվածության ընդլայնմանը:

Իսկ հիշյալ հիմնախնդիրների հրատապ լուծման համար անհրաժեշտ էր Կառավարության ծրագրում ներառել գիտականորեն հիմնավորված և հստակ չափելի միջոցառումներ և համապատասխան գործիքակազմ, իսկ ծրագրի իրականացման ընթացքը վերահսկելու համար վերջինիս մեջ պետք է սահմանված լինեին միջանկյալ և վերջնական հստակ քանակական ցուցանիշներ»:

Կիսվել նյութով