Մամուլ

ԿԸՀ-ն նախատեսում է նվեր առաջին անգամ ընտրողների համար

Այսօր  ԿԸՀ-ում ներկայացվեցին նոր տեխնիկական սարքավորումները, որոնք պետք է ապահովեն խիստ վերահսկողություն ընտրությունների ողջ ընթացքի համար։

Հանդիպման ընթացքում ներկայացվող սարքավորումներն ունեն նոր գործառույթներ, այդ պատճառով էլ տեղեմասերում լինելու են սարքը սպասարկող մասնագետներ, հուշաթերթեր, ձեռնարկներ, որոնք հավելյայլ օգնություն կլինեն հանձնաժողովի անդամների և ընտրողների համար։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր խոսքում նշեց, որ իրենք իրենց աշխատանքը կատարել են առանց հետաձգումների և պատշաճ, իսկ նպատակը մեկն է՝ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում։

Աշխատակազմի անդամները պարզաբանեցին, որ սարքերն արդեն տարվել են 38 տարածքային հանձնաժողով։ Դեկտեմբերի 6-ին հատուկ ծրագրերը արդեն կտեղադրվեն սարքում, շաբաթ օրը կլինեն միացումներ, ընտրության օրը մուտք կգործեն համակարգ։

Սարքերում արվել են որոշակի փոփոխություններ, օրինակ, եթե նախկինում գալիս էր ընտրող, ով լրացուցիչ ցուցակով էր, նրան սարքը չէր գտնում, իսկ այժմ գտնում է։

Ներկայացվեց նաև, թե ինչպես է սարքը արձանագրում ընտրախախտումների դեպքերը, օրինակ, նա ով մեկ անգամ քվեարկել է նույնականացման քարտով, այժմ էլ փորձում է անձնագրով, անմիջապես կարձանագրվի, սարքը կտպի կտրոն, որի վրան նշված կլինի, որ տվյալ անհատը արդեն իսկ մասնակցել է ընտրությանը։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նշեց, որ այս տարի մնացածներից տարբերվում է նրանով, որ տեղեկատվական նյութերը՝ նախատեսված ընտրողների համար, ավելի շատ են, պատրաստվել է հոլովակ, պոստեռներ ընդդեմ ընտրակաշառքի և առաջին անգամ ընտրողներին տալու են նշաններ, որոնց վրա գեղեցիկ նշված է լինելու, որ առաջին անգամ են մասկացում։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով