Մամուլ

Կասկածները առավել քան հիմնավոր են. Քոչարյանը պետք է անազատության մեջ մնա, նա կարող է գնել վկաներին

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է ազդել քննության վրա, վկաների վրա։ «Աշխատել եմ իր հետ, գիտեմ իրեն։ Գիտեմ, որ նա կարող է անել դա։ Նա կարող է պայմանավորվել վկաների հետ, կաշառել նրանց, գումարներ վճարի, որ նրանք հրաժարվեն իրենց ցուցմունքներից: Կասկածները առավել քան հիմնավոր են. Քոչարյանը պետք է անազատության մեջ մնա»,- նախօրեին «Ազատության» եթերում հայտարարել էր Մելքոնյանը։

Այն, որ Քոչարյանը պետք է մնա անազատության մեջ, քանի որ ազատության մեջ լինելով կարող է ազդել գործի քննության, վկաների վրա, պարբերաբար նշել են նաև Հատուկ քննչական ծառայության պետը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, բազմաթիվ իրավապաշտպաններ։ «Ես բազմիցս նշել եմ, որ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ լինելով, հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, թաքցնելու ապացույցները, այլ ձևով խոչընդոտելու նախաքննությանը»,- վերջերս պնդել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը: Հատկապես շեշտադրել ենք հնարավոր ապօրինի ներգործությունը։ Ինչքանով որ հնարավոր է նախաքննության ընթացքում վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ տեսականորեն, այնքանով էլ հնարավոր է դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն»,- վերջերս նշել էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս համակարծիք է, որ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է ազդել վկաների վրա։ «Հաշվի առնելով, որ անձը՝ Ռոբերտ Քոչարյանը, տասը տարի եղել է երկրի նախագահ և, ըստ էության, ունի բազմաթիվ-բազմաթիվ տեղեկություններ այսօրվա գործող և նաև նախկին պաշտոնյաների վերաբերյալ՝ ես դա անվանում եմ դոսյեներ, ես առավել քան հիմնավոր եմ համարում, որ նա կարող է ազդել նախաքննության ներգրավված վկաների և այլ մեղադրյալների վրա, այսինքն՝ կարող է խոչընդոտել նախաքննության բնականոն ընթացքի և՛ օբյեկտիվ, և՛ բազմակողմանի, և՛ լրիվ իրականացմանը, մանավանդ հիմա, երբ ակտիվորեն քննվում են սպանության հանգամանքները»,- ասաց իրավապաշտպանը:

«Հավանականությունը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է ապօրինի ներգործություն ունենալ թե՛ արդեն ցուցմունք տված վկաների նկատմամբ, թե՛ հնարավոր նոր վկաների ու բացահայտումների վրա, ես այդ հավանականությունը համարում եմ 100 տոկոսանոց իրական։

Գլխավոր դատախազն ասում էր, որ իրենք իրականում չունեն փաստեր, որ եղել է արդեն այդպիսի ներգործություն, բայց տեսեք՝

փաստ թիվ 1. Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայաստանի բարձրագույն իշխանություն, և նրան ենթարկվել են ուժային բոլոր համակարգերը։

Փաստ 2. մենք ունենք իրավիճակ, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու համար։

Փաստ 3. դատական համակարգը ժամանակին ուղիղ կախվածություն է ունեցել Քոչարյանից։ Սրանք փաստեր են, որոնք կարիք չունեն ապացուցման։ Հանրահայտ ճշմարտությունները ապացուցման կարիք չունեն։

Իմ թվարկած երեք փաստերը բավարար են, որպեսզի պնդենք, որ Քոչարյանի կողմից վկաների վրա ազդեցության ռիսկը շատ իրական է, և նա պետք է մնա անազատության մեջ»,- ասաց ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ Քոչարյանի՝ ազատության մեջ մնալով, մենք հարվածի տակ ենք դնում ինչպես Մարտի 1-ի անջատված ամսով քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունը, այնպես էլ մայր գործի մասով քննությունը, որի շրջանակներում ակտիվ բացահայտումներ են լինում։

«Այս պայմաններում ես համաձայն եմ գեներալ Մելքոնյանի կարծիքի հետ։ Մեղադրանքի կողմի դիրքորոշումը չի փոփոխվել, և մենք պնդում ենք, որ Քոչարյանը պետք է մեկուսացված լինի, չկարողանա իր անձնական, ֆինանսական, լրատվական, կոմպրոմատների ազդեցությունը օգտագործել և դրանով ապօրինի կերպով ազդել նախաքննության վրա»,- եզրափակեց Խաչատրյանը։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով