Մամուլ

Կապիտան Նաիրի Աբրահամյանի ղեկավարությամբ՝ թշնամուն ետ են շպրտել պատճառելով մեծ կորուստներ

Կապիտան Նաիրի Աբրահամյանի ղեկավարությամբ՝ թշնամուն ետ են շպրտել պատճառելով մեծ կորուստներ

Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է զինվորական մեդալների ու շքանշանների արժանացած զինծառայողներին:

Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ:

Դիրքում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Վլադիմիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառում թշնամուն եւ ստիպում ետ շպրտվել: Գրոհը հետ մղելու ընթացքում կապիտան Աբրահամյանը վիրավորվել է: Ներկայացված է «Արիության համար» մեդալի:

Գնդապետ Սամվել Սլավայի Գրիգորյանը, մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ ղեկավարման եւ հակառակորդի ուժերի ջախջախմանը նպաստելու համար, ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

Միավորման անձնակազմի մարտական աշխատանքը հմտորեն կազմակերպելու համար, գնդապետ Հրայր Վլադիմիրի Աթոյանը կպարգեւատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նույն կարգի պետական պարգեւի է արժանացել գնդապետ Մարտին Ալավիկի Ջհանգիրյանը՝ զորքերի տեխնիկական ապահովումը մարտական պայմաններում իրականացնելու համար:

տանկեր

«Արիության համար» մեդալների են ներկայացվել գնդապետներ Կարեն Էդիկի Դանիելյանն ու Լեռնիկ Համլետի Ասրյանը՝ զորքերի թիկունքային ապահովման ու բարոյահոգեբանական ապահովման կառույցի հստակ ու պլանաչափ աշխատանքները կազմակերպելու համար:

Գնդապետ Էրիկ Բորիկի Գրիգորյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել զորքերի հմուտ ղեկավարումն իրականացնելու եւ թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար:

Հաշվարկի կազմով 4 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտներ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, Հովիկ Արմենի Խաչատրյանը, շարքային-պայմանագրային Աշոտ Վահրամի Բալայանը եւ սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:

Բարդ պայմաններում վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելու համար բուժծառայության մայոր Անահիտ Եղիշեի Ասրումյանը, ավագ լեյտենանտ Արամ Սեդրակի Քեյանը, ծառայող Հասմիկ Վիտալիի Դադասյանը, ենթասպա Արեւիկ Գրիշայի Շահրամանյանը, ծառայող Մանուշակ Նելսոնի Հայրապետյանը, ծառայող Սիրվարդ Շուրայի Ազիզյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Լիլիթ Լավրենտի Հայրապետյանը եւ ծառայող Արփինե Վլադիմիրի Մկրտչյանը կստանան «Մարտական ծառայություն» մեդալներ: Իսկ կամավորական վիրաբույժ, ավագ լեյտենանտ Նորայր Աթանեսի Միքայելյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Փառք բոլոր ճակատներում իրենց բարոյական ու մասնագիտական պարտքը հայրենիքի առջեւ հերոսաբար կատարող բոլոր անհատներին:

Կիսվել նյութով