ԱշխարհՇոու-բիզնես

Լուի դը Ֆյունեսը հայուհու թոռ է, արմատներով՝ Էրզրումցի

Լուի դը Ֆյունեսը հայուհու թոռ է, արմատներով՝ Էրզրումցի

Աշխարհահռչակ կատակերգու Լուի դը Ֆյունեսի՝ հումորի արքայի մասին կարելի է խոսել կարճ ձևակերպմամբ՝ «Նրան ներկայացնելու կարիք չկա»: Այնուամենայնիվ, այսօր կբացահայտենք որոշ մանրամասներ Լուի դը Ֆյունեսի մասին, որոնք քչերին են հայտնի։

ՀՀ Տավուշի մարզի բնակչուհի, Սարիգյուղի սրճարանի ավագ խոհարար Աղավնի Սարգսյանն այն մարդկանցից է, ում բախտ է վիճակվել ապրել Ֆյունեսների տանը․ «Մոտ մեկուկես տարի ես նրանց տանն աշխատում էի որպես աղախին, խոհարար ու այգեպան և այդ ընթացքում ես և իմ յոթամյա դուստրը ջերմ ու ընկերական հարաբերություններ ենք հաստատել Ֆյունեսների հետ»:

Տիկին Աղավնին պատմում է, որ ճակատագրի բերումով հայտնվում է Ֆրանսիայում:

«Փարիզ ժամանելուց հետո ինձ բախտ վիճակվեց հանդիպել Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին և նրա օգնությամբ տեղավորվել աղքատների համար նախատեսված կացարաններում:

Որոշ ժամանակ անց ինձ աղախնի աշխատանք առաջարկեցին և այդպես ես հայտնվեցի նրանց տանը։ Հետագայում պարզվեց, որ պարոն Լուին հայկական դեսպանատան աշխատակիցներին խնդրել էր Փարիզում գտնել մաքրակենցաղ տնտեսուհու՝ պարտադիր հայուհի։

Ֆյունեսի կինն՝ Անժելան շատ սիրալիր էր ինձ հետ, ազատ ժամանակ օգնում էր ինձ խոհանոցում: Նրանց դուստրն ու երկու որդիներն ամեն օր հայկական նոր բառեր էին սովորում: Ես ազատ ժամանակ Ֆյունեսի զավակներին իմ դստեր դասագրքով հայերեն էի սովորեցնում: Արդեն մի քանի ամիս անց պարոն Ֆյունեսին հաջողվում էր հայկական բառեր արտաբերել:

Ինչո՞վ էր պայմանավորված հայոց լեզվի և հայուհու նկատմամբ նման հարգանքը:

«Չնայած նա անձամբ ինձ չի ասել, սակայն մեր դեսպանատան Սարգսյան ազգանունով աշխատակիցներից մեկն ինձ պատմեց, որ Լուի դը Ֆյունեսը հորական տատիկը ծնունդով պատմական հայաստանից էր՝ Էրզրումից: Գուցե դրանով էր պայմանավորված հարուստ ֆրանսիահայ Խաչիկ Քեբարջյանի հետ նրա մտերիմ հարաբերությունները: Նրանց տան ընդունելությունների ժամանակ հաճախ էր շաշափվում 1915թ-ի Ցեղասպանության թեման:

Պարոն Լուին հաճախ էր լսում երգեր՝ նվիրված Անդրանիկ զորավարին, իսկ Ապրիլի 24-ին գնում էր Պեր լա Շեզ գերեզմանատուն ու ծաղիկներ դնում նրա գերեզմանին: Հայկական ավանդույթների և իրականության նկատմամբ Լուի Ֆյունեսի համակրանքը չէր սահմանափակվում սրանով: Նա հաճախ ճաշին պատվիրում էր հայկական տոլմա, խորոված, սպաս, իսկ քաղցրից՝ գաթա, փախլավա և միշտ ուտում էր անթաքույց հաճույքով:

Աղավնիի հիշողության մեջ առանձնահատուկ տպվել է Ֆյունեսների ընտանիքից բաժանվելու պահը: Երբ Հայաստանից ստացել է բոլոր փաստաթղթերն ու Ֆյունեսներին հայտնել հեռանալու մասին, նրանք պատշաճ կերպով ճանապարհել են իրեն. «Ամբողջ ընտանքիը եկել էր կայարան:

Իմ ճամպրուկները լի էին նվերներով: Վերջին պահին պարոն Լուին իմ գրպանը կլորիկ գումար դրեց ու մաղթեց բարի ճանապարհ: Իմ հեռանալուց հետո որոշ ժամանակ ես նրանց հետ նամակագրության մեջ էի»:

Աղավնին պատմել է, որ Լուիի մահը սգացել է 40 օր, սև հագուստ է կրել ու այն ոսկե խաչը, որը նրան որպես երախտագիտություն նվիրել էր ծիծաղի արքա Լուի դե Ֆյունեսը:

Կիսվել նյութով