Մամուլ

Լարսն ավելի է մոտենում Հայաստանին․ այլընտրանքային ճանապարհ կկառուցվի

Լարսն ավելի է մոտենում Հայաստանին: Վրաստանում՝ ռուս-վրացական սահմանին մոտ, նոր տարանցիկ միջանցքի կառուցումը կմեկնարկի մինչև այս տարեվերջ. այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի ռազմավարական ճանապարհի՝ Վերին Լարսի ուղղությամբ ձգվող նոր ավտոմայրուղին Հյուսիս-Հարավ նախագծի մաս է կազմում։ Այն Թբիլիսից մինչև Լարսի անցակետ զգալիորեն կրճատելու է երթևեկության տևողությունը՝ փաստացիորեն Հայաստանի համար դառնալով նաև այլընտրանք Վերին Լարսին, քանի որ, ինչպես մասնագետներ են պնդում, երթևեկելի է լինելու տարվա բոլոր եղանակներին։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 22,7կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել՝ ներառյալ 9կմ-անոց թունել, որը կդառնա ամենաերկարը Վրաստանում:

«Մի քանի օրից կստորագրվի պայմանագիրը, մինչև տարեվերջ կմեկնարկի երկրորդ նախագիծը, որն ունի պատմական նշանակություն՝ Կոբի-Գուդաուրի մայրուղին: Սա կլինի Եվրոպայում ամենաբարդ ճարտարապետական կառույցներից մեկն ամենաերկար թունելներից մեկով: Անխոս, դա կյանքի կոչելու համար կարևոր են ներդրումները, իսկ ներդրումներն արդեն կան»,- նշել է Բախտաձեն:

Նախագծի նախնական արժեքը գնահատվում է 558,6 մլն դոլար, այն համաֆինանասավորելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Վրաստանի կառավարությունը։

Վրաստանի ու Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Վերին Լարս տանող ճանապարհին, գրեթե, տարվա բոլոր եղանակներին խնդիրներ են առաջանում։

Ձմռանն այն փակվում է ձնաբքի, իսկ տարվա մյուս եղանակներին հեղեղների ու սողանքների պատճառով:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել էջում