Մամուլ

Ինքնասպանությունից առաջ զինծառայողը նամակում շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարին

Երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին` ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Ս-ն զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Զինծառայողը նամակում շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարին։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը` ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երեւան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ:

Ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պայմանագրային զինծառայողը անձնական խնդիրներ է ունեցել, խնդիրները կապված են եղել մի կնոջ հետ:

Ըստ որոշ լուրերի` այդ զինծառայողի ու ամուսնացած կնոջ միջեւ խոսակցություն է եղել, որից հետո նա զորամասում ինքնասպանություն է գործել:

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ինքնասպան լինելուց առաջ Նարեկ. Ս.-ն նամակ է թողել եւ նամակում մանրակրկիտ ներկայացրել է իր անձնական կյանքի հետ կապված խնդիրը, ավելին` հայտնել է, որ այս ամենի համար ոչ մեկի չմեղադրեն, եւ նամակում շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարին, որ գոհ է նրանից, քանի որ նա լավ «կամանդիր» է:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով