ՏեսանյութՔաղաքականություն

Ինչպես են դիմավորել Փաշինյանին և Աննա Հակոբյանին Հանոյում․ Տեսանյութ

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ:

Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետև հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո պահակախմբի քայլերթը:

Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո բանակցություններն ընթացել են նեղ, ապա ընդլայնված կազմերով: Վիետնամի վարչապետն անձամբ իր և երկրի կառավարության անունից ջերմորեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը` նշելով.

«Վստահ եմ` մեր հանդիպումը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, ընդլայնմանն ու ամրապնդմանը: Պարոն վարչապետ, խորհրդանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի` Հայաստան կատարած այցի 60-ամյակին: Ուրախ ենք, որ Հայաստանը հաղթահարում է դժվարություններն ու քայլեր ձեռնարկում տնտեսական զարգացման ուղղությամբ, ամրապնդվում է նաև Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»:

Նգույեն Սուան Ֆուքը համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակում նոր թափ կհաղորդվի երկկողմ փոխշահավետ գործակցությանը տարբեր ուղղություններով:

Կիսվել նյութով