Մամուլ

Ինչպե՞ս պետք է իշխանությունն ու ընդդիմությունն ուղիղ եթերում բանակցեն, երբ նայում են նաև Ալիևն ու Էրդողանը. Շարմազանով

Ո՛չ Հանրապետականը , ո՛չ Նիկոլ Փաշինյանը չպետք է դնեն նախապայմաններ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով՝ նշելով՝ իրենք բաց են ցանկացած քննարկման համար։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ խնդիրների բացառապես երկխոսության, բաց օրակարգով, առանց նախապայմանների քննարկման կողմնակից ենք։ Երբ ասում ենք առանց նախապայմանների, նկատի ունենք որ ո՛չ Հանրապետականը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս մեր սիրելի ցուցարարների, չպետք է դնեն նախապայմաններ, և չկա հարց, որը չպետք է քննարկվի։

Մենք բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար, մեզ համար փակ օրակարգ չկա։ Բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ մեր պառլամենտական գործընկեր Փաշինյանը ևս մեկ անգամ հանդես եկավ նախապայմանով, այս անգամ արդեն ուղիղ եթեր՝ տեսախցիկներով։

Ես կարծում եմ, որ դա ամենաարդյունավետ ճանապարհը չէ, եթե չասեմ, որ դա ամենաանարդյունավետ ճանապարհն է, որովհետև ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է իշխանությունն ու ընդդիմությունն ուղիղ եթերով խոսեն Հայաստանի ապագայի, Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի, Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին, երբ որ մեզ նայում են ոչ միայն ցուցարարները, ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ միայն սփյուռքահայությունն, այլ նաև ադրբեջանցիներն ու թուրքերը», – ասաց Շարմազանովը: «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուղիղ եթերում գնում են բանակցություններ, հազար ու մի կարևոր հարցից պետք է խոսեն, և Ալիևն ու Էրդողանն ուղիղ եթերով նայում են։ Դուք դա նորմալ համարո՞ւմ եք, դա արդյունավետ համարո՞ւմ եք»,- հավելեց նա:

Նյութի աղբյուրը՝ azatutyun.am

Կիսվել էջում