Մամուլ

Ինչո՞ւ չեն կարգավորում Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի պարունակության կառուցվածքը

News.am – ը գրում է.

Օրերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց սպառողական գների փետրվարյան ինդեքսների մասին տեղեկությունը։ Բացի ինդեքսներից, փաստաթղթում ներկայացված են ապրանքներն ու ծառայությունները՝ դրանց կիրառման ընդհանուր ծավալով, անցած տարվա դեկտեմբերի համար։ Այլ կերպ ասա, դա բնակչության կողմից կիրառվող ապրանքների և ծառայությունների կառուցվածքն է։

Ելնելով այդ տվյալներից, կարելի է հաշվարկել առանձին սննդամթերքների մասնաբաժինը պարենային ապրանքների խմբում (առանց ալկոհոլի և ծխախոտի)։ Օրինակ, պարզվել է, որ մսի և մսամթերքների տեսակարար կշիռը սննի ծախսերում կազմում է 23,8 տոկոս։

Սա ամենեւին էլ չի նշանաում, որ մեզ մոտ միս են ուտում անասելի քանակությամբ։ Իրավիճակը, տրամագծորեն հակառակն է։ Պարզապես, սննդամթերքի օգտագործման մակարդակն այնքան ցածր է, որ թանկարժեք միսը մեծ չափաբաժին է զբաղեցնում։ Հավելենք, որ սննդի կարևորագույն ապրանքի՝ հացի և հացամթերքների տեսակարար կշիռը կազմում է 22 տոկոսից փոքր ինչ պակաս։

Ի՞նչ մասնաբաժին են զբաղեցնում այդ մթերքները նվազագույն սպառողական զամբյուղում։

Դիտարկենք անցած տարվա 4-րդ եռամսյակի տվյալները։ Այսպես, մսի և մսամթերքների բաժինը զամբյուղում կազմում է միայն 12,6 տոկոս։ Դա 11,2 տոկոսով պակաս է վերը նշված ծախսայինբաժնից։ Հացի և հացամթերքների գծով տարբերությունն արդեն նվազագույն սպառողական զամբյուղի օգտին է, առավելությունը 8,2 տոկոս։

Հասկանալի է, որ համեմատաբար ավելի էժան հացի և հացամթերքների ավելի մեծ տեսակարար կշիռը մթերային զամբյուղում թույլ է տասլի մասնակի «մարել» մյուս, ավելի թանկ մթերքների (տվյալ դեպքում մսի և մսամթերքների) թանկացումը։ Այդպես է եղել եւ այս անգամ։

Տարեկան կտրվածքով մսի և մսամթերքների արժեքը մթերային զամյուղում աճել է ամսական 358 դրամով (կամ 13 տոկոսով)։ Սակայն հացի և հացամթերքների առումով գրեթե նույնքան անկում է  գրանցվել՝ 342 դրամ (կամ 4 տոկոս)։ Դրա հետեւանքով «զամբյուղի» արժեքը մնացել է նույն մակարդակին։

Հարց է ծագում, ինչու գրեթե տասնամյա վաղեմության սպառողական զամբյուղը չի վերանայվում։ Իհարկե, նվազագույն սպառողական զամբյուղը մեր երկրում կրում է բացառապես տեսական բնույթ, քանի որ օրենսդրական մակարդակում այն չի հաստատվել։

Բայց անգամ այդ փաստը հաշվի առնելով, «զամբյուղը» կարող էր արտացոլել կենսամակարդակում առկա իրական տեղաշարժերը։ Միայն մեկ պայմանով, որ դրա կառուցվածքը մոտ լիներ միջին փասացի ցուցանիշներին։ Սակայն, ինչպես կարելի է կարծել, նման վերանայումը լրջորեն կփչացներ «աղքատության դեմ պայքարի» պատկերը։

Նյութի աղբյուրը՝  News.am

Կիսվել նյութով