Մամուլ

«Ինչիդ է պետք տունը, մեկ է մեռնելու ես». 85-ամյա թոշակառույին սեփական տնից դատարանով վտարել են

Ռուբիկ Խումարյանը 27 օր է, ինչ փողոցում է հայտնվել: 85-ամյա կենսաթոշակառուն, երկրորդ կարգի հաշմանդամն ասում է, որ այդ օրերի ընթացքում չի ունեցել հնարավորություն լողանալու, իր առողջական, կենցաղային հարցերը կարգավորելու:

Մի քանի անգամ տարբեր ծանոթների մոտ է գիշերել, հիմա քնում է իր մեքենայում: Գնացել է տարբեր լրատվամիջոցներ, պատմել, թե իր սեփական տնից դատարանով վտարել են, մեկն անգամ ասել է. «Ինչիդ է պետք տունը, մեկ է մեռնելու ես»:

Չորս հարկանի շենքի բնակարանը, որտեղից վտարել են, նա ստացել է 1965 թվականի հունվարին ՀԽՍՀ Երեւանի 26 կոմիսարների շրջսովետի գործադիր կոմիտեի որոշմամբ:

Մինչ զրուցակցիս դատական պատմությանն անցնելը ներկայացնեմ նաեւ, որ նա ԵԿՄ անդամ է, եղել է Մարտակերտում, Հադրութում, Եղնիկներում, զինվորների համար կերակուր է պատրաստել: Ստանում է 78 000 դրամ կենսաթոշակ, եւ ասում է, որ չի կարող վարձով բնակարան ձեռք բերել եւ գոյատեւել:

Ծանոթանալով նրա դատական գործի պատմությանը, պարզեցի, որ ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 9-ին վճիռ է կայացրել: Դատական նիստը եղել է դռնբաց:

Զրուցակիցս եղել է հայցվոր եւ խնդրել է դատարանից ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ, եւ անվավեր ճանաչել որդու՝ պատասխանողի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը նույն բնակարանի նկատմամբ:

Բնակարանը երկու սենյականոց է: Բնակարանը ստանալուց երեք տարի հետո մահացել է հայցվորի մայրը, բնակտարածության իրավունք ունեցողների մեջ են եղել նրա երկու որդիները, կինը: Կենսաթոշակառուն հասցրել է կառուցել երկու ավտոտնակ, նկուղ, որոնք մշտապես օգտագործել է ընտանիքի հետ: Երբ ավագ որդու համար բնակարան են գնել, կնոջ հետ որոշել են հաշվառումից դուրս գալ, եւ գրանցվել այդ բնակարանում, որպեսզի քանդվելու դեպքում տուն ստանան:

Զրուցակիցս ասում է, որ հաշվառումից հետո էլ իրենք շարունակել են ապրել վիճելի բնակարանում: Հայցվոր-հայրը երկրորդ որդու համար կարողացել է բնակարան գնել նույն շենքի երկրորդ հարկում, եւ կնոջ հետ փաստացի բնակվել են արդեն երկրորդ հարկի մեկսենյականոցում:

Տասնհինգ տարի առաջ մահանում է կինը: Տանում է երկու վիրահատություն, եւ քսան տարի բնակվելով այդ բնակարանում, բարեխղճորեն վճարել է կոմունալ բոլոր գումարները, գույքահարկը: Այդ մասին դատարանին են տեղեկացրել Ռ. Խումարյանի հարեւանները, ինչպես նաեւ «Ղարս» համատիրության նախագահը:

Մինչդեռ ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության բնակչության պետռեգիստրի պահոցի տվյալների համաձայն, այդ բնակարանում հաշվառված մարդ չկա, անշարժ գույքի կադաստրի տվյալների համաձայն էլ՝ կա, եւ այդ անձն այս գործով պատասխանող ճանաչված որդին էր: Զրուցակիցս «Առավոտին» ասում է, որ բոլոր ծախսերը կատարել է ինքը, տղան չի մասնակցել գույքի տիրապետմանը, վճարումներին:

Դատարանում 58-ամյա որդու ներկայացուցիչն առարկել է, դատարանին հայտնել, որ բնակարանը գնել է անձամբ ինքը, 1997-ից կոմունալ վճարումներ է կատարում, բնակվում է այդ բնակարանում, կատարել է ընթացիկ եւ հիմնական վերանորոգումներ.

«Հայցվորի փաստարկը չի ընդունում, այն հերքվում է նրա իսկ կողմից նշված համատիրության տեղեկանքով, որտեղ նշված է, որ համատիրությունը չի ընդունում կոմունալ վճարումները՝ գազ, լույս, ջուր…»:

Դատարան էր ներկայացվել առքուվաճառքի պայմանագիր, որով երեւում էր, որ բնակարանը գնել է որդին: Այսինքն, ըստ պատասխանողի, չկար մի ապացույց, որով կհիմնավորվեր, թե բնակարանը գնել է հայրը, քանի որ առքուվաճառքի պայմանագրով հայտնի է, թե գործարքի կողմերը՝ գնորդն ու վաճառողն ովքեր են:

Երեւան քաղաքի համայնքային դատարանը կենսաթոշակառուի փաստարկները համոզիչ է համարել, հայցը բավարարել է, իսկ վերաքննիչ դատարանը եւ Վճռաբեկ դատարանը խնդրի լուծումը հօգուտ որդու են կայացրել, վճիռը բեկանվել է, հայցը մերժվել է:

Կենսաթոշակառուից դատարանի վճռով գանձվել է նաեւ որդու փաստաբանի «խելամիտ վարձատրության գումարը»: Վճռաբեկ դատարանը բողոքի ընդունումը մերժել է: 

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով