ԺամանցՇոու-բիզնես

«Իմ ու Նահապետի միջև երբևէ խնդիր չի եղել իմ գործունեության վերաբերյալ». Մարտա Կիրակոսյանը ամուսնական կյանքի մաիսն

Երգչուհի Մարտա Կիրակոսյանի համար այս Ամանորն առանձնահատուկ էր, քանի որ երգչուհին այն դիմավորել է նոր կարգավիճակում: Տարեվերջին Մարտան և իր սիրելին՝ ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանն ամուսնացան:

Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր նորաստեղծ ընտանիքում անցկացրած առաջին Ամանորի, ընտանեկան կյանքի ու ստեղծագործական նորությունների մասին: Երգչուհին ասում է, որ ընտանեկան համատեղ կյանքը ոչինչ չի փոխել իրենց հարաբերություններում:

Ամանորի գիշերը երգչուհու համար կիսով չափ աշխատանքային է եղել: Մարտան նշեց, որ Ամանորն ամուսնու հետ դիմավորել են իրենց բնակարանում, այնուհետև երգչուհին մասնակցել է Հանրապետության հրապարակում անցկացված տոնական համերգին, հետո արդեն տոնական օրը շարունակել են ընկերների միջավայրում: 

marta kirakosyan 5 1

Երգչուհին ամանորյա եռուզեռի մեջ չի հասցրել հայտնվել տնային տնտեսուհու կարգավիճակում և մասնակցել տոնական սեղանի պատրաստման գործին: «Անկեղծ պիտի լինեմ` ոչ մի բան այս տարի չեմ պատրաստել: Պատրաստել են իմ ու Նահապետի մայրիկները: Իհարկե, ես պատրաստել գիտեմ, բայց իսկապես շատ զբաղված էի այդ օրերին ու չհասցրեցի, քանի որ Ամանորի նախօրեին էլ նկարահանումների էի»,-ասաց երգչուհին, ապա նկատեց, որ իր և ամուսնու ճաշակն ու նախընտրություններն ուտեստների հարցում համընկնում են, ինչպես շատ այլ հարցերում:

Տոներից հետո շատերն են բողոքում ավելորդ կիլոգրամներից։ Մարտան նկատեց, որ այդ խնդրին չի բախվել, իսկ դրանից ազատվելու և առհասարակ առողջ ապրելակերպի հարցում, երգչուհու խոսքով, իրեն մեծապես օգնում են ամուսնու մասնագիտական խորհուրդներն ու մարզումները:

marta kirakosyan 4 1

«Երեկ եմ կշռվել և հուրախություն ինձ, տոնական օրերին ընդհանրապես չեմ գիրացել։ Սակայն դա կապ չունի, ես պարտադիր պարապում եմ, թեև որոշակի դադարներ լինում են: Այնպես չէ, որ ես ու Նահապետը բացառապես առողջ ապրելակերպի կանոններով ենք շարժվում, հատուկ սնունդ ենք օգտագործում, բայց, իհարկե, տարբերակում ենք առողջ ու անառողջ սնունդը: Լինում են ամիսներ, որ կարող ենք փոքր-ինչ շեղվել առողջ սննդակարգից, քանի որ մեր օրգանիզմը նաև դրա պահանջն ունի»,-ասաց Մարտան:

Նա նշեց, որ միմյանց անակնկալ նվերներ են արել, սակայն չբացահայտեց, թե ինչ. «Երկուսիս համար էլ նվերներն անակնկալ էին, պարզապես ես այնքան ասացի, որ Նահապետն իմ նվերը մեկ օր առաջ տվեց։ Իսկապես, շատ ուրախացա»:

Մարտան դեռ չի անցել աշխատանքային ռիթմին և վայելում է հետտոնական հանգստյան օրերը: Հարսանիքից հետո Մարտան և Նահապետը մեղրամսի չմեկնեցին աշխատանքային զբաղվածության պատճառով, թե երբ կլրացնեն այդ բացը, երգչուհին  առայժմ չգիտի:  

marta kirakosyan 1

Ամուսնական կարգավիճակը, Մարտայի խոսքով, որևէ կերպ չի անդրադառնա իր մասնագիտական գործունեության վրա: «Մեր հարաբերություններն ինչպես կային, այդպես էլ մնացել են: Իմ ու Նահապետի միջև երբևէ խնդիր չի եղել իմ գործունեության վերաբերյալ և չեն էլ լինի : Ես կշարունակեմ նույն կերպ աշխատել: Մենք ամեն հարց քննարկում ենք և համաձայնության գալիս: Եթե լինեն նոր նախագծեր, առաջարկներ ու երկուսիս համաձայնությունը տրվի, կմասնակցեմ»,-ասաց նա:

Երգչուհին նշեց, որ 2019-ի հետ կապված կոնկրետ ծրագրեր չի կազմում, քանի որ առհասարակ կյանքում որևէ բան պլանավորել չի սիրում:  Մասնագիտական առումով երգչուհու համար վերջին նորությունը որպես դերասանուհի ներկայանալն է հեռուստասերիալում: Մարտան նկարահանվել է «Քաոս» հեռուստասերիալում, որը շուտով կհեռարձակվի Առաջին ալիքի եթերում: Շիրվանզադեի «Քաոսի» հիման վրա նկարահանված ֆիլմում նա մարմնավորելու է Անժելի կերպարը:

marta kirakosyan 7

«Սա Ֆիլմում նկարահանվելու իմ առաջին փորձն է, բայց դերասանական փորձ ունեցել եմ՝ խաղալով թատրոնում` երաժշտական ներկայացումների մեջ: Շատ հեշտ ստացվեց աշխատանքը թե՛ ռեժիսորի, թե՛ խաղընկերներիս հետ և ոչ մի խնդիր չառաջացավ նկարահանումների ընթացքում: Կարծում եմ՝ եթե թատրոնում շատ երկար ժամանակ խաղացել ես, ֆիլմում խաղալն այդքան էլ բարդ չէ»,-ասաց Մարտան և հույս հայտնեց, որ լսարանն իրեն որպես դերասանուհի դրական կընդունի, քանի որ իր հերոսուհին էլ դրական կերպար է:

Share