Օգտակար

Ի՞նչ ճանապարհով է մարդուն փոխանցվում քոսը և ի՞նչ տեղի կունենա՝ ճիշտ բուժում չստանալու դեպքում

Ի՞նչ ճանապարհով է մարդուն փոխանցվում քոսը և ի՞նչ տեղի կունենա՝ ճիշտ բուժում չստանալու դեպքում:

Քոսի փոխանցումը տեղի է ունենում մարմնական սերտ շփման արդյունքում, երբեմն նաև վարակված հագուստի և/կամ անկողնու և անկողնային պարագաների միջոցով:

Վարակումից կարճ ժամանակ անց տզերը խրվում են մաշկի եղջրաշերտի մեջ:

Ախտորոշում՝ Կլինիկական

Հիմնական գանգատը քորն է, որն առաջանում է տզերի արտաթորանքից առաջացած գերզգայունությունից (տեղային և/կամ տարածուն): Քորի զգացումը սովորաբար արտահայտվում է վարակվելուց 2-6 շաբաթ անց:

Հաջորդ վարակման դեպքում այն վերսկսվում է 1-4 օր անց, ի հաշիվ օրգանիզմում առկա գերզգայունության:

Հետազոտումը բացահայտում է զույգերով դասավորված կետիկային կամ հանգուցիկային ցանավորում, որոնց միջև հաճախ նկատելի է քոսային ուղին:

Բնորոշ տեղերն են` ձեռքերի միջմատային ծալքերը, իրանի կողմնային մակերեսները, բազկի, արմնկային հոդի տարածիչ մակերեսները, կանանց հարպտկային շրջանները, առնանդամի և փոշտի մակերեսը:

Երեխաների մոտ ընդգրկվում է նաև դեմքը, կարող են ախտահարվել նաև ափերն ու ներբանները:

Որոշ դեպքերում քոսը կարող է բարդանալ երկրորդային պիոդերմայով:

Հետազոտում

Ցանից վերցված մաշկի քերուկի ուղղակի մանրադիտակային զննում` տզերի հայտնաբերման նպատակով:

Վարում

Այլ սեռավարակների նկատմամբ ստուգումը խրախուսվում է:

Առաջարկվող բուժման եղանակները

Բուժման եղանակի ընտրությունը պայմանավորված է ներգործության արդյունավետությամբ, տոլերանտությամբ և գնի մատչելիությամբ:

Դեղանյութերը քսել ամբողջ մարմնի մակերեսին և նշված ժամկետի ավարտից հետո ընդունել լոգանք, փոխելով հագուստը:

-5% պերմեթրին` մեկ անգամ, 8-12 ժամ տևողությամբ: 5 տարեկանից ցածր երեխաների համար` 2,5% պերմեթրին:

– 20-25% բենզիլ բենզոատի էմուլսիա` 2 օր անընդմեջ` կրկնելով 5 և 6-րդ օրը: Երեխաների համար նշանակել 10% բենզիլ բենզոատ:

– Ծծումբի 33% (երեխաներին` 10%) քսուքները արդյունավետ են, էժան և անվտանգ, սակայն աղտոտում է հագուստը: Օգտագործվում են վերոհիշյալ ձևով:

Հավելյալ տեղեկություն բուժման վերաբերյալ

– Բուժման կարգ` հիվանդները պետք է տեղեկացվեն դեղորայքի օգտագործման ձևի մասին: Մշակվում է ամբողջ մաշկը, ստորին ծնոտից ցած, ընդգրկելով բոլոր ծալքերը, շեքը, պորտը, արտաքին սեռական օրգանները և եղունգների տակը:

Երեխաների դեմքի և գլխի մաշկը նույնպես պետք է մշակել (նորածիններին վարակը կարող է փոխանցվել շփման միջոցով` կրծքով կերակրելու ժամանակ):

– Հիգիենիկ միջոցներ` բուժումն ավարտելուց հետո օգտագործել մաքուր սպիտակեղեն և հագուստ:

Վարակված հագուստը և սպիտակեղենը, հնարավորության դեպքում պետք է լվալ բարձր ջերմաստիճանի տակ կամ առանձնացնել` առնվազն 72 ժամ (դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, մարդու մարմնից առանձնացված տզերը ոչնչանում են):

Հղիություն/կրծքով կերակրում

– Պերմեթրինը, բենզիլ բենզոատը և ծծումբը անվտանգ են հղիության և կրծքով կերակրելու ժամանակ:

Հսկողություն

– Հիվանդներին պետք է բացատրել, որ հնարավոր է բուժումից հետո ժամանակավորապես քորի պահպանում: Քորի մեղմացման նպատակով կարելի է կիրառել տեղային ստերոիդներ, հակահիստամինային դեղանյութեր կամ քորը մեղմացնող այլ տեղային միջոցներ:

Կիսվել նյութով