Մամուլ

«Ի՞նչ ա նշանակում քֆուր կանեմ». թեժ վեճ Լուսավոր Հայաստանի և Իմ քայլի պատգամավորների միջև

«Ի՞նչ ա նշանակում քֆուր կանեմ». թեժ վեճ Լուսավոր Հայաստանի և Իմ քայլի պատգամավորների միջև։ Այսօր ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում լեզվակռիվ ծավալվեց ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև։

«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել էր «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ծախսերը թափանցիկ դարձնել:

«Մեզ փաստացի մեղադրում են, որ փորձում ենք խաթարել ՀՀ անվտանգությունը, թիրախ դարձնել առաջին դեմքերին: Մեղադրանք հնչեց, որ մտերմություն ենք արել նախկին իշխանության հետ և տեսել ենք, թե ինչպես են շամպայնով լոգանքներ ընդունում: Եթե որևէ մեկն ունի նման հստակ կասկածներ, կոչ եմ անում դիմել ԱԱԾ, թող գան, մեզ ձերբակալեն, եթե մեզանից որևէ մեկը կփորձի երբևէ ՀՀ անվտանգությանը վնասել:

Որ դուք 70 տոկոս եք, չի նշանակում, որ անվտանգությունը միայն դուք եք: Խոսքը գնում է գնումների գումարների բացահայտման մասին, դուք հարցը տանում եք այլ դաշտ՝ օգտվելով ՀՀ անվտանգության էմոցիոնալ տիրույթից, և փորձում եք ուղղակի սպանել այս հարցը։

Մինչև ապրիլյան պատերազմը մենք ունեինք մոտավորապես նմանատիպ մոտեցում, երբ ասում էին՝ բանակում ինչ ավում է, գաղտնի է, չի կարելի տեսնել՝ ինչի վրա են փողերը ծախսում, չի կարելի վերահսկողություն իրականացնել և այլն։ Ապրիլյանը եկավ ապացուցելու, որ էդ ամենը սխալ էր»,- ասաց Գորգիսյանը՝ նշելով, որ իրենց առաջարկածը բնավ չի հակադրվում ՀՀ անվտանգությանը՝ կոչ անելով չմանիպուլացնել իրենց ասածները։

Նրա ելույթին արձագանքեց «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը՝ նշելով․ «Պաշտոնապես ասում եմ, որ Դուք պոպուլիստ եք, պարոն Գորգիսյան, և այստեղ պոպուլիզմով եք զբաղվում»: Գորգիսյանն առաջարկեց սահմանափակել նրա ելույթը, քանի որ կանոնակարգից դուրս է։ Պողոսյանն ասաց. «Դուք ինձ չեք կարող արգելել, որ ելույթ ունենամ: Եթե ուզում էիք քննարկել, Դուք կարող էիք գոնե մեկ քննարկում անել։ Ես Ձեզ արգելում եմ շահարկել, իսկ Ձեզ հետ դաշինքը «Քաղաքացիական պայմանագրի» ամենամութ մասն է պատմության»։

Այստեղ փորձեցին կողմերին հանդարտեցնել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու Սասուն Միքայելյանը, բայց ապարդյուն։ Ի դեպ, ուշագրավ է, որ Անդրանիկ Քոչարյանը, լինելով հանձնաժողովի նախագահ, հիշեցրեց հանձնաժողովի անդամ Սասուն Միքայելյանի հորդորի մասին, որ չվիճեն, մինչդեռ կարծես թե առաջինը իր հորդորին պետք է անսային պատգամավորները, քանզի ի պաշտոնե նա ավելի բարձր դիրք ունի այդ հանձնաժողովում  և նա էր նիստը վարողը, ոչ թե Միքայելյանը։

Դրա համար էլ Գորգիսյանն արդեն «վրա տվեց» Քոչարյանին, որ վերջինս կանոնակարգին չի հետևում։ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ ինքն ընդունում է իր մեղքը։ Բայց այսքանով ամեն ինչ չավարտվեց։ Քոչարյանն էլ Գորգիսյանին մեղադրեց, որ ինքն այս քննարկումը տեղափոխեց պոպուլիզմի տիրույթ։

Օրինագիծը դրվեց քվեարկության, և ոչ բավարար «կողմ» ձայների քանակով այն մերժվեց։ Քվեարկությունից հետո Քոչարյանը խնդրեց այսուհետ մյուս հարցերի քննարկման ժամանակ շարժվել պետականության և անվտանգության շահերով։

«Իսկ ե՞րբ չենք շարժվում»,- արձագանքեց Գորգիսյանը։ 

«Այ հենց հիմա չենք շարժվում»,- հակադարձեց Քոչարյանը։

 «Քֆուր կանեմ նրան, ով կկասկածի»,- բորբոքվեց Գորգիսյանը։

Այստեղ նորից միջամտեց Սասուն Միքայելյանը՝ փորձելով սաստել Գորգիսյանին, ապա բորբոքվեց նաև Քրիստինե Պողոսյանը։

«Ի՞նչ ա նշանակում՝ քֆուր կանեմ, կարո՞ղ ա փողոցում եք գտնվում կամ «Լուսավոր Հայաստանի» գրասենյակում, էս ի՞նչ խոսելաոճ ա»,- ասաց Պողոսյանը՝ առաջարկելով հեռացնել Գորգիսյանին հանձնաժողովից։ Անդրանիկ Քոչարյանը չհամաձայնեց ու առաջարկեց անցնել օրակարգի հաջորդ հարցին կամ ընդմիջում հայտարարել, որ կրքերը հանդարտվեն։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով