Մամուլ

Ժողովրդի հաշվին բյուջեի ավելացումը ընդունելի չի, մենք դեմ ենք քվեարկելու

«Հարկային օրենսգրքին կողմ չենք քվեարկելու, որովհետև այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ: Կան և՛ լավ բաներ, և՛ վատ: Համահարթեցման համար մենք դեմ ենք լինելու, որովհետև սա լիարժեք անարդարացի է, այսօր ժողովրդի հաշվին բյուջեի ավելացումը ընդունելի չի:

Ընդհանրապես ունենք 800 հոգի, որ ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ:  800 հոգու համար պե՞տք է անեն համահարթեցում»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ես կխնդրեի՝ հարկային օրենսգիրքը վերանայողները, բարեփոխումներ անողները բարի թող լինեն համաշխարհային մակարդակով նայեն։ Եթե հիմա դու ստանում ես 65 հազար դրամ, մյուսը 3 մլն, եթե դնում ու նույն չափով են հարկում, քո 65 հազարից ի՞նչ կմնա: Բայց էն 2 մլն ստացողի վրա չի ազդի»,- ասաց Ծառուկյանը, հավելելով, որ օրինակ Գերմանիայում, եթե անձը ստանում է 9000 եվրո, ապա նա չի հարկվում:

Նրա խոսքով՝ Հայաստանում ևս պիտի օրենք ընդունեն, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք չհարկվեն:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դեմ են քվեարկելու փաթեթին, հենց համահարթեցման համար:

Կիսվել նյութով