Օգտակար

Ժամադրվեք այնպիսի աղջկա հետ, որը գրքեր է կարդում

Ժամադրվեք այնպիսի աղջկա հետ, որը գրքեր է կարդում

Հանդիպեք աղջկա հետ, որը կարդում է… Ժամադրվեք այնպիսի աղջկա հետ, որը հագուստի փոխարեն իր գումարը ծախսում է գրքերի վրա, որը պահարանում ազատ տարածության խնդիր ունի շատ գրքեր ունենալու պատճառով:

Հանդիպեք աղջկա հետ, որը տակավին ընթերցելիք գրքերի ցանկ ունի և ընթերցողական տոմս է ձեռք բերել տասներկու տարեկանից…

Գտե՛ք այնպիսի մի աղջկա, որը կարդում է: Դուք կհասկանաք դա, որովհետև նա իր պայուսակում դեռևս չավարտած գիրք ունի:

Ժամադրվեք այն մեկի հետ, ով սիրով նայում է գրախանութի դարակներին դարսված գրքերին, ով զսպված ճիչ է արձակում, երբ գտնում է իր փնտրած գիրքը:

Տեսնո՞ւմ եք այն խորհրդավոր թռչնակին, որը շնչում է հին գրքերի բույրը օգտագործված գրքերի խանութում. նա՛ է ընթերցողը:

Նրանք չեն կարողանում ընդդիմանալ էջերի բույրին, հատկապես երբ դրանք մաշված ու դեղին են:

Ահա՛, այն աղջիկն է, որը կարդում է սպասման պահերին մայթեզրին գտնվող սրճարանում:

Եթե հայացք նետեք նրա բաժակին, կտեսնեք, որ սերուցքն այդպես էլ մնացել է պռունկին, որովհետև նա ամբողջովին կլանված ընթերցանությամբ թևածում է հեղինակի ստեղծած աշխարհում: Նստե՛ք նրա կողքին:

Գուցե նա ձեզ շանթի հայացքով, ինչպես այն աղջիկների մեծամասնությունը, որոնք չեն սիրում, երբ ընդհատում են իրենց ընթերցանությունը:

Հարցրեք նրան՝ հավանո՞ւմ է արդյոք գիրքը:Եվս մեկ բաժակ սուրճ հյուրասիրեք նրան:

Պատմեք նրան, թե իրականում ի՞նչ եք մտածում Հարուկի Մուրակամիի երկերի մասին:

Հասկացեք, արդյոք ավարտե՞լ է նա առաջին գլխի ընթերցանությունը, կամ ասում է թե հասկացել է Ջեյմս Ջոյսի “Ուլիսը” պարզապես կիրթ երևալո՞ւ համար:

Հարցրե՛ք, նրան դուր գալի՞ս է Ալիսայի կերպարը, թե կցանկանար հայտնվել նրա տեղում:

Հեշտ է հանդիպելը կարդացող աղջկա հետ: Գրքեր նվիրեք նրան ծննդյան օրը, Սուրբ Ծննդին և ծանոթության տարեդարձներին:

Պարգևեք նրան բառեր պոեզիայի և երգերի տեսքով: Նվիրեք նրան Պաբլո Ներուդայի, Էզրա Փաունդի, Էննի Սեքստոնի, Էդվարդ Կամինգսի երկերը:

Ցույց տվեք նրան, որ հասկանում եք, որ սերը բովանդակված է բառերի մեջ:

Պարզե՛ք, զանազանո՞ւմ է նա արդյոք գրքերն ու իրականությունը, և ձգտո՞ւմ է ողջ ուժով իր կյանքը գոնե չնչին չափով նմանեցնել իր սիրած գրքին:

Եթե այո, ապա դուք չեք սխալվի ձեր ընտրության մեջ:

Նա ձեզ անկասկած մտերմանալու հնարավորություն կտա:Կարող եք անգամ ստել նրան:

Եթե նա կարողանում է վերլուծել ձեր խոսքերը, ապա կհասկանա, թե ինչն է ստիպում ձեզ ստել, որովհետև բառերի ետևում թաքնված բաներ ևս կան. շարժառիթ, արժեքներ, տարբեր նրբություններ, երկխոսություն:

Այնպես որ աշխարհը չի կործանվի:

Սխալվեք նրա մոտ, որովհետև ընթերցող աղջիկը գիտե, որ սխալը հարաբերությունների ավարտ է նշանակում, բայց գիտենալով հանդերձ, որ ամեն բան ունենում է իր վախճանը, թող վստահ լինի, որ դուք կարող եք պատմության համար նոր շարունակություն գրել, որ կարող եք սկսել նորից ու նորից և շարունակել մնալ գրքի հերոսը, նույնիսկ եթե կյանքում մեկ-երկու բացասական կերպար հանդիպեն:

Ինչո՞ւ երկյուղել այն ամենից, ինչ իրականում չեք: Ընթերցող աղջիկը հասկանում է, որ մարդիկ, ինչպես և բնավորությունները, կարող են փոխվել:

Իհարկե ոչ “Մթնշաղ” (“Twilight”) գրքերի շարքում:

Երբ դուք գտնեք ընթերցող աղջկա, բաց մի՛ թողեք նրան: Երբ գտնեք նրան գիշերվա ժամը երկուսին գիրքը կրծքին սեղմած արտասվելիս՝ մեկ բաժակ թեյ պատրաստեք նրա համար և գրկեք նրան:

Դուք կարող եք կորցնել նրան մի քանի ժամով, բայց նա միշտ կվերադառնա ձեզ մոտ:

Նա կարող է խոսել գրքի հերոսների մասին, ասես նրանք իրական լինեն, որովհետև ինչ-որ մի պահի նրանք այդպիսին էլ կան:

Դուք այնքան ուժգին կծիծաղեք նրա հետ, որ կզարմանաք, թե ինչպես ձեր կրծքում սիրտը դեռ չի պայթել:

Դուք դեռ կգրեք ձեր կյանքի պատմությունը, կունենաք տարօրինակ անուններով և նախասիրություններով զավակներ:

Նա կծանոթացնի ձեր զավակներին Կոշկավոր կատվի և Ասլանի հետ, գուցե հենց նույն օրվա ընթացքում:

Դուք տարեց հասակում կքայլեք միասին ձմռանը և երբ դուք ձյունը թափ տաք ձեր կոշիկներից՝ նա քթի տակ Կիտսի բանաստեղծությունը կարտասանի:

Հանդիպե՛ք աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է, որովհետև դուք արժանի եք դրան: Դուք արժանի եք աղջկա, ով կարող է ձեզ գունագեղ մի կյանք պարգևել, որը չեք կարող անգամ երևակայել:

Բայց եթե նրան առաջարկելու եք միապաղաղություն, ձանձրույթ ու խակ մտքեր, ավելի լավ է միայնակ մնաք:

Եթե ցանկանում եք աշխարհը ձեռք բերել և դրանից անդին գտնվող մյուս աշխարհները՝ հանդիպեք աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է…

Կամ որ ավելի լավ է՝ ժամադրվեք աղջկա հետ, ով նաև գրում է…

Աղբյուր՝ «Գրքամոլ» ֆեյսբուքյան էջ։

Կիսվել նյութով