ԱշխարհՄամուլ

Թուրք Վեժդի Ռաշիդովը հայերին օգնելու համար պարգևատրվել է

Թուրք Վեժդի Ռաշիդովը հայերին օգնելու համար պարգևատրվել է

Հայտնի քանդակագործ, Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Վեժդի Ռաշիդովը շնորհակալագիր է ստացել Հայաստանի դեսպանատանը։

Բուլղարիայում ՀՀ դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում Վեժդի Ռաշիդովի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած հարգանքն ու սերը, հիշում է երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված վերջինիս կողմից իրականացված մարդասիրական գործունեությունը և կարևորում է հումանիտար և մշակութային ոլորտներում հայ-բուլղարական համագործակցության խթանմանն ուղղված նրա շարունակական ջանքերը:

Նշենք, որ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի մասին Վեժդի Ռաշիդովը տեղեկացել էր օդանավակայանում՝ արտասահմանյան մի շարք երկրներ ուղևորվելու ժամանակ, ուր կազմակերպվել էին իր՝ որպես հայտնի քանդակագործ և իր գործընկերոջ՝ տաղանդավոր բուլղար գեղանկարիչ Գեորգի Տրիֆոնովի գործերի ցուցահանդեսները:

Լսելով այդ ծանր գույժը՝ ընկերները որոշում են ցուցահանդեսներից գոյացած ողջ հասույթը՝ շուրջ 60 հազար ԱՄՆ դոլարը, փոխանցել Հայաստան՝ երկրաշարժից տուժածների կարիքները հոգալու համար: Որոշ ժամանակ անց մարդասիական նոր առաքելությամբ Ռաշիդովն այցելում է աղետի գոտի:

Ռաշիդովի արարքը որոշել է գնահատել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Բուլղարիայում Հայաստանի դեսպանատանը նրան ցուցաբերած օգնության համար հանձնել են շնորհակալագիր։ Ռաշիդովը Հայաստանի պատվավոր քաղաքացի է։

Նա ծագումով թուրք է, բայց բազմիցս քննադատել է Բուլղարիայի թուրքամետ «Շարժուն հանուն իրավունքի և ազատության» կուսակցությունը։

2014-17թթ-ին նա եղել է Բուլղարիայի մշակույթը նախարար, հիմա բուլղարական խորհրդարանի պատգամավոր է, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ։

Կիսվել նյութով