Աշխարհ

Թուրքիայում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 19 մարդ, 770-ից ավելին վնասվածքներ են ստացել

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, 770-ից ավելին վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Մենք ուժգին երկրաշարժի հետևանքով 19 քաղաքացու ենք կորցրել: 221 տուժած ունենք Մալաթիայում եւ 551՝ Էլյազըղում»,- նրա խոսքն է մեջ բերել Անատոլիական գործակալությունը:

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչության տվյալներով՝ 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ուրբաթ, տեղական ժամանակով 20:55-ին Էլյազըղ արեւելյան նահանգում, որի բնակչությունը կազմում է մոտ 400 հազար բնակիչ:

Տարերքի օջախը, որը տարածվել էր նաեւ հարեւան նահանգ Մալաթիայի վրա, 10 կմ խորության վրա էր:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի շատ շրջաններում, այդ թվում՝ Իսրայելում, Իրաքում եւ Սիրիայում:

Կիսվել նյութով