ԱշխարհՄամուլ

Թուրքիայի կոշտ արձագանքը Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու մասին հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը:

«Խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, առ այն, որ ապրիլի 24-ն այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նշվելու: Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ է, որը ոչ մի իրավական հիմք չունի և հակասում է պատմական ճշմարտություններին»,- ասել է Էրդողանի խոսնակը:

Քալընը կրկին առաջ է քաշել պատմաբանների համատեղ հանձնաժողով հիմնելու Էրդողանի առաջարկությունները՝ դրանից հրաժարվողներին մեղադրելով պատմական դեպքերը շահարկելու փորձի մեջ: Քալընը շեշտել է, որ հնարավորություն չեն տալու նրանց, ովքեր փորձում են անցյալը նենգափոխելով պատմությունից ոխ, ատելություն և թշնամություն բխեցնել:

Շարունակելով միտքը՝ Քալընը մասնավորապես ասել է. «Ոչ ոք չի կարող Թուրքիային մեղադրել նրա չկատարած հանցանքի մեջ և բիծ թողնել մեր պատմության վրա: Քննադատում ու մերժում ենք իր երկրում քաղաքական խնդիրներ ունեցող պրն. Մակրոնի կողմից իրավիճակը փրկելու նպատակով պատմական իրադարձությունները քաղաքական ապրանք դարձնելը:

Տառապանքները մրցակցության մեջ դնելը և քաղաքական թեմա դարձնելը քաղաքական և բարոյական ստորություն է: Թուրքիան շարունակելու է աջակցել դրական նպատակ ունեցող ամեն տեսակ ջանքերին, որոնք արվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը համատեղ ցավի և արդար հիշողության մոտեցմամբ վեր հանելու համար»:

Աղբյուր՝ ermenihaber.am

Կիսվել նյութով