Մամուլ

«Թալանչիների» դեմ դիրքային «պատերազմում» առաջին մարտավարական հաղթանակը

1in.am-ը գրում է․ Երեկ Երևանն արթնացավ մսի և գյուղմթերքների գնաճի տագնապով: Խոշոր սուպերմարկետներն այդպես էին արձագանքել ԱԱԾ հակակոռուպցիոն գործողություններին` փաստորեն կառավարությանը սպառնալով սաբոտաժով: Նիկոլ Փաշինյանը ընդունել էր նետված ձեռնոցը` ժողովրդին կոչ անելով բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոնորներին»:

Օրվա ընթացքում Փաշինյանը շրջայց կատարեց խանութներ` շարունակելով հրապարակային ճնշումը օլիգարխիայի վրա: «Պատահական մտա «Քարֆուր» և տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,- ֆեյսբուքի իր էջում երեկ կեսօրից հետո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա քիչ անց ևս մեկ գրառում կատարել. «Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»: «Քարֆուրի» հիշատակումն, անշուշտ, պատահական չէր. Փաշինյանն ակնարկում էր, որ մյուս սուպերմարկետներում գնաճը պայմանավորված է ոչ թե բնական, տնտեսական գործոններով, այլ օլիգարխիայի սաբոտաժով:

Խոշոր սուպերմարկետների հայտնի տերերը մեծ հաշվով ունեն համընդհանուր շահեր, և չի բացառվում, որ գործ ունեինք կարտելային համաձայնությունների հետ, ինչի մասին էլ ակնարկում է Փաշինյանը: Ավելին` օրվա ընթացքում ոլորտի որոշ մասնագետներ կանխատեսում էին, որ փորձ կարվի այս սաբոտաժն ավելի խորացնել, ընդհուպ մինչև գյուղմթերքներից, մսամթերքներից հրաժարվելը, որը կարճաժամկետ աժիոտաժ կառաջացնի: Գուցե առևտրային խոշոր ցանցերն ընտրել էին հենց այս մարտավարությունը, ինչի հետևանքով սոցիալական լարվածությունը կդառնար անփուսափելի: Սակայն օլիգարխիան, ըստ ամենայնի, վախեցավ Նիկոլ Փաշինյանի ոչ երկիմաստ հրապարակային նախազգուշացումներից` աչքի առաջ ունենալով ԱԱԾ ստուգումները, և, ի վերջո, տեղի տվեց:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով