ԱշխարհՄամուլ

Զոհվեց հերոսի պես. ուսուցչուհին իրեն զոհաբերել է՝ երեխաներին փրկելով Կեմերովոյում

Կեմերովոյի թիվ 17 գիմնազիայում սգում են 37-ամյա ուսուցչուհի Տատյանա Դարսալիայի մահը, որը զոհվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով՝ փորձելով երեխաներին դուրս բերել բոցավառվող շենքից։

Դարսալիան իր 14-ամյա դստեր՝ Էլեոնորայի հետ միասին մարտի 25-ին հանգստանալու էր եկել առևտրի կենտրոն: Ականատեսների վկայությամբ, երբ խուճապ է առաջացել, Տատյանան դստերը դուրս է բերել շենքից և, իմանալով, որ վերին հարկում երեխաներ են մնացել, գնացել է նրանց օգնելու: Այնտեղից Դարսալիան արդեն չի վերադարձել:

 «Մենք միշտ սիրելու ու հիշելու ենք նրան. նա եղել է և կմնա լավագույններից լավագույնը: Ես մինչ այժմ չեմ հավատում, որ դա տեղի է ունեցել հենց նրա հետ, բայց ես հպարտանում եմ, որ նա իմ մայրն է: Նա զոհվել է որպես հերոս, իրենից առաջ թողնելով երեխաներին և չէր կարող այլ կերպ վարվել: Նա միշտ կմնա մեր սրտերում»,- գրում է Տատյանայի դուստրը՝ Էլեոնորան, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում իր զոհված մոր էջում:

14-ամյա Էլյայի հետ միասին Տատյանայի մահը խորապես սգում են բոլոր ընկերները, աշակերտները, ծանոթները և նույնիսկ պարզապես անծանոթ մարդիկ:

«Ցանկանում եմ ասել, որ Դուք ոչ թե պարզապես կին եք, այլ ՀԵՐՈՍ: Ես Ձեզ միշտ կհիշեմ որպես շատ բարի և հասկացող կին: Էլյային ես սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ, նրա կյանքում ամեն բան լավ կլինի, ես խոստանում եմ»,-Տատյանայի էջում գրել է Անաստասյա Կոմարովան:

Նյութի աղբյուր՝ 168.am

Կիսվել նյութով