Մամուլ

Զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում

Այսօր առավոտյան զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում: Օդապարիկը Գառնիից է թռել, սակայն քամի չլինելու պատճառով չի կարողացել շարունակել թռիչքն ու հայտնվել է Խոսրովի անտառի մի այնպիսի հատվածում, որտեղ մեքենաների մուտքն անհնար է:

Զբոսաշրջիկներին օգնություն են ցուցաբերել և տեղանքից դուրս հանել «Armenian Helicopters»-ի ուղղաթիռի միջոցով:

«Armenian Helicopters»-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Արամ Աբովյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ օդապարիկը հայտնվել է մի այնպիսի հատվածում, որտեղից առանց ուղղաթիռների միջամտության հնարավոր չէր դուրս բերել մարդկանց:

«Մեջը 8 հոգի զբոսաշրջիկներ էին՝ 6 մեծահասակներ և 2 փոքր երեխա: Երևանից եկել էին Գառնի ու այնտեղից թռել: Իջնելու ընթացքում բարեբախտաբար ոչ ոք չէր վնասվել, միայն մի որոշ ժամանակ առանց ջուր էին մնացել արևի տակ»,-պատմեց Արամ Աբովյանը:

Նա հայտնեց, որ ուղղաթիռով գնացել և երկու խմբով անտառի ամենամոտիկ տարածքից մարդկանց տարհանել են, ապա տեղափոխել Գառնի:

Կիսվել նյութով