ՄամուլՏեսանյութ

Երևանում մեկնարկել է 250 մեգավատ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման շինարարությունը. Տեսանյութ

Երևանում մեկնարկել է 250 մեգավատ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման շինարարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո»  ընկերությունը:

Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ: Կայանի կառուցումը նախատեսվում է իրականացնել շինարարության մեկնարկից 26 ամսվա ընթացքում: Ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնի հետ համեմատած՝ նոր կայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ավելի ցածր՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար: 

Վարչապետին տեղեկացվել է, որ շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ՝ 250-300 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շահագործման ընթացքում կստեղծվի շուրջ 230 աշխատատեղ: Կայանի օգտակար գործողության գործակիցը նախատեսվում է հասցնել 53 տոկոսի: Նոր արտադրող հզորությունը էներգետիկ համակարգում կօգտագործվի նաև տարածաշրջանային ծրագրերում, մասնավորապես Հայաստան-Իրան գազ էլեկտրաէներգիայի փոխանկման ծրագրում:

Ծրագրի իրականացման շրջանակային համաձայնագիրը կնքվել էր 2017թ. ապրիլի 27-ին, այնուհետև համաձայանգրի դրույթները վարչապետ Փաշինյանի գլխավորած ՀՀ նոր կառավարության կողմից վերաբանակցվել են և 2018թ. նոյեմբերի 13-ին ստորագրվել է Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը:

Կիսվել նյութով