Մամուլ

Երևանում կառուցվող նոր էլեկտրակայանը 1000 աշխատատեղ կունենա՝ 600 դոլար աշխատավարձով. փոխնախարար

Երևանում կառուցվող նոր էլեկտրակայանի այս տարի 1000 ժամանակավոր աշխատատեղ՝ նվազագույնը 600 դոլար աշխատավարձով։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Երևան ՋԷԿ-ի հարևանությամբ կառուցվող նոր էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ։

«Սա պետական և մասնավորի գործարք է, որը հնարավորություն կտա հետագայում մեղմել սակագնային ճնշումները։ Կայանն ի զորու է լինելու տարեկան արտադրել 1.8-2 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, և դրա օգտակար գործողության գործակիցը 53 տոկոս է լինելու։ Այս տարի 1000–ից շատ է լինելու անհրաժեշտ աշխատողների թիվը` ինժեներներ, էլեկտրիկներ, եռակցողներ, իսկ հիմնական աշխատողների թիվը կհասնի 200-250–ի»,–ասաց փոխնախարարը։

Ի դեպ, նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները մեկնարկել են հունիսի 14–ին և նախատեսվում է, որ դրանք ավարտին կհասցվեն 25 ամիս հետո։ Ծրագրի իրականացման համար կներդրվի 250-300 մլն դոլար։

250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով