ՄամուլՔաղաքականություն

Երկու ժողովուրդների պատմությունն այսօր համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով. հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպում

Երկու ժողովուրդների պատմությունն այսօր համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով. հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպում

Վրաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է երկու երկրների նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Նա նշել է, որ երկու ժողովուրդների պատմությունն այսօր համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով: 

«Սա համագործակցության շատ լայն սպեկտր է՝ սկսած մեր մշակութային, կրթական, ժառանգությունից մինչև ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, էներգետիկա, տրանսպորտ, զբոսաշրջություն և այլն,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ներուժը հսկայական է, և այս ներուժի մեջ շատ բարձր եմ գնահատում առանձին ոլորտներում ուղղակի, կոնկրետ համագործակցությունը: Այդ համագործակցությունը պետք է լինի բազմաբնույթ»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը հավաստումն է այն բանի, թե որքան շատ են հետաքրքրված Հայաստանի հետ հարաբերություններով: 

«Չնայած մեր տարածաշրջանը լարված է և խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը և մեր գրավչությունը»,-ասել է Վրաստանի նախագահը՝ նշելով, որ կայունության պահպանման շնորհիվ նախանշվում են շատ նոր ծրագրեր տարբեր ուղղություններով:

Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության ոլորտներում:

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ համաձայնելով, որ կայունությունը և կանխատեսելիությունը զարգացման կարևոր և անհրաժեշտ պայման են:

Վրաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հուլիսին Բաթումիում կայանալիք «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին: Նախագահ Սարգսյանն իր հերթին Վրաստանի նախագահին հրավիրել է հունիսին Դիլիջանում կայանալիք «Armenian Summit of Minds» միջոցառմանը:

Կիսվել նյութով