ԺամանցՇոու-բիզնես

Երբեմն մենք ճաշ եփելու ժամանակ չենք ունենում, բայց միևնույն է՝ եփում ենք, կամ չենք ցանկանում արթնանալ, բայց արթնանում ենք. Իրինա Թովմասյան

Երբեմն մենք ճաշ եփելու ժամանակ չունենք, բայց եփում ենք, կամ չենք ցանկանում արթնանալ, բայց արթնանում ենք. Իրինա Թովմասյան

Գեղեցիկ ֆոտոշարք և հետաքրքիր հարցազրույց՝ Իրինա Թովմասյանի և վերջինիս աղջիկների հետ:

-Արդյո՞ք այս մեկ ամիսն իրոք տարբերվում է մյուսներից։

-Իհարկե: Չնայած՝ կարծում եմ՝ բոլոր կանայք կցանկանային, որ իրենց նվիրված լիներ ոչ թե մեկ ամիս, այլ ամբողջ տարին, չէ՞ որ մենք՝ իգական սեռի ներկայացուցիչներս, մշտապես արժանի ենք հարգանքի, ջերմության եւ ուշադրության։ Ինչ վերաբերում է տոներն առանձնացնելուն, ապա ասեմ՝ սիրում եմ եւ նշում բոլոր տոներն՝ անկախ բնույթից։

-Երեք գեղեցկուհու մայրիկ լինելը հաճելի է, բայց համաձայնեք՝ նաեւ բարդ է:

-Ահավոր հաճելի է, բարդ որեւէ բան չկա։ Առհասարակ, բարդությունները մեզնից յուրաքանչյուրի համար են։ Օրինակ՝ երբեմն մենք ճաշ եփելու ժամանակ չենք ունենում, բայց միեւնույն է՝ եփում ենք, կամ չենք ցանկանում արթնանալ, բայց արթնանում ենք, այսօրինակ բարդությունների կողքին խնդիրներն ուղղակի չեն երեւում, քանի որ անհավանական երջանկություն եւ աներեւակայելի պահեր ես ապրում երեխաների կողքին։ Դա իրական հրաշք է, որը թույլ չի տալիս նկատել բարդությունները։

-Ալվինան եւ Մարիան բավական ակտիվ են, ավելի ճիշտ՝ չարաճճի, այս ակտիվությունը դժվարություններ չի՞ առաջացնում կամ զայրացնում։

-Պետք է խոստովանեմ, որ նրանց ակտիվությունը ոչ միան դժվարություններ չի առաջացնում, այլ ավելին՝ ես արդեն սովորել եմ այդ ակտիվությանը։ Անգամ նրանց փոքրիկ չարաճճիություններին եմ սովորել։ Միգուցե զարմանալի հնչի, բայց երբ չի լինում այդ ակտիվությունը, չարաճճիությունը, սկսում եմ հասկանալ, որ այդ պահին ինձ ինչ-որ մի բան պակասում է։

-Ալյա՛, Մարի՛ա, Իրինան ձեզ համար լա՞վ ընկեր է։
-Չէ՛, Իրինան մեր ընկերը չէ, ինքը մեր մաման է, շատ լավն է, թողնում է լիքը մուլտեր նայենք, չի զայրանում մեզ վրա։

-Այդ դեպքում ինչո՞ւ եք երբեմն չարաճճիություններ անում։

-Ը՜մմմ (աղջիկներից պատասխան այդպես էլ չստացանք:)): 

-Իսկ ո՞ւմ եք ցանկանում նմանվել՝ մամային, թե՞ մորաքրոջը։

-Մամային։

Իրինա Թովմասյան

-Ինչպես նկատեցինք՝ աղջիկները Ձեզ նման թիթիզ են:

-Փաստորեն տպավորությունն այդպիսին է(ծիծաղում է,-հեղ.)։ Այո՛, փոքրիկներս թիթիզ են, սակայն իրենց տարիքում ես այդչափ թիթիզ չէի։ Հետաքրքիրն այն է, որ հիշում եմ ինձ, շատ նմանություններ եմ գտնում աղջիկներիս հետ։ Երբեմն զարմանում եմ՝ աղջիկներս ե՛ւ նման են միմյանց, ե՛ւ անչափ տարբեր իրարից։

Իրինա Թովմասյան

-Իրի՛նա, շատ եք զբաղվում փոքրիկների հետ՝ միջոցառումներ, դասեր, անհատական պարապմունքներ,իսկ Ձեզ ժամանակ հասցնո՞ւմ եք հատկացնել։

-Այսօր փոքրիկներիս մեծացնում եմ այնպես, ինչպես ժամանակին՝ Մեգիին, չունենք ազատ ժամանակ, իսկ եթե ունենում ենք, ապա այն օգտագործում ենք միասին խաղալու, թռչկոտելու համար, բայց ոչ երբեք՝ տանը նստելու կամ սոցցանցերում ժամանակ անցկացնելու։ Ժամանակը խնայելով՝ փորձում եմ ինձ ժամանակ հատկացնել, օրինակ՝ երբեմն վարսահարդարի մոտ նստած՝ ինքս եմ հարդարում մատներս, կամ ամեն առիթին չէ, ոչ կդիմեմ դիմահարդարի։

-Նկատում եմ՝ փոքրիկները նույնչափ մտերիմ են միմյանց հետ, ինչպես Դուք եւ Լուսինեն։

-Փոքրիկներս այնքան մտերիմ են՝ կարծես զույգ լինեն։ Հույս ունեմ, որ մեր երեխաները կլինեն նույնչափ մտերիմ, որքան ես եւ Լուսինեն ենք։ Շատ ուրախ եմ եւ հպարտ, քանի որ մեր երեք փոքրիկների կողքին իրենց մեծ եւ շատ խելացի քույրիկն է՝ Մեգին, կարծում եմ՝ հետագա կյանքում նա իր ճիշտ խորհրդներով կուղղորդի իր քույրերին եւ հետեւողական կլինի ամբողջ կյանքում։ Չեմ առանձնացնում Լուսինեի դստերը, քանի որ նրանք չորս քույրիկներով անչափ մտերիմ են, եւ այդպես պետք է լինի միշտ։

-«Երբեւիցե չեմ էլ ցանկացել տղա ունենալ»՝ ասել եք Դուք հարցազրույցներից մեկի ժամանակ, իսկ Ձեր ամուսի՞նը։ Սովորաբար արու զավակ ունենալը հայ տղամարդկանց համար նպատակ է։

– Չեմ պատկերացնում մի տղամարդու, ով չէր բարձրաձայնի տղա ունենալու ցանկության մասին, միգուցե ամուսինս մտածում է կամ ցանկանում, բայց այն, որ դա լինի նպատակ, կարծում եմ՝ սուտ է, քանի որ նա գիտի՝ աղջիկն ինչ քաղցրություն է։

-Աղջիկները, կանայք գրեթե միշտ ունենում են կնոջ իրենց իդեալը: Ունե՞ք Ձեզ համար այդպիսի կերպար։

-Հատուկ իդեալ չունեմ։ Կարող եմ թվել բազմաթիվ կանանց, այդ թվում՝ մայրիկիս, որոնց որոշակի հատկանիշներով փորձում եմ նմանվել, վերցնել նրանցից լավը, սակայն իդեալ չունեմ, որին ցանկանում եմ նմանվել, ավելին՝ կարծում եմ՝ իդեալ ունենալ եւ ջանալ նրան նմանվել, սխալ է։

-Երջանի՞կ կին եք համարում Ձեզ։
-Չափազանց երջանիկ մարդ եմ ինձ համարում։ Ավելի մեծ երջանկություն պատկերացնել հնարավոր չէ. բոլոր հարազատներս կողքիս են, բոլորն առողջ են, այն ամենն, ինչ ունեմ, ինձ համար տիեզերքի չափ մեծություն է, հարստություն: Նրանց սիրում եմ եւ գնահատում, ապրում եմ նրանցով։

– Կկիսվե՞ք ամուր ընտանիք կազմելու Ձեր գաղտնիքով։

– Գիտեք՝ ընտանիքը նմանեցնում եմ բույսի, եւ ոչ միայն ընտանիքը, այլ առհասարակ հարաբերությունները։ Եթե չլինի ջուրը, արեւը, հետեւողականությունը, բույսը չի կարողանա աճել, մեծանալ գեղեցկանալ։ Այդպես էլ ընտանիքն է, այն կարիք ունի խնամքի եւ ջերմության։

Bravo.am


Կիսվել նյութով