ՄամուլՔաղաքականություն

Եվրոպական որոշ երկրներ կիսատ-պռատ բանի տեղ են դնում հեղափոխականներին, իսկ ԱՄՆ-ը նույնիսկ արհամարհանքի չի արժանացնում

Եվրոպական որոշ երկրներ կիսատ-պռատ բանի տեղ են դնում հեղափոխականներին, իսկ ԱՄՆ-ը նույնիսկ արհամարհանքի չի արժանացնում: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

– Պարոն Հայրիկյան, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մեկ տարի անց ի՞նչ դիտարկումներ ունեք  առկա իրավիճակի հետ կապված։ Արդյոք զգալի փոփոխություններ կատարվե՞լ են։

– Ես համաձայն եմ այն մարդկանց հետո, ովքեր կարծում են, որ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ամենակարևոր հարցերը, որոնք պետք է ուղեկցեին հեղափոխությանը՝ արտաքին և ներքին քաղաքականության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Չի փոխվում իրենց իսկ կողմից քննադատված Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, շարունակում է պաշտոնավարել, իրենց կողմից արված հայտարարության համաձայն, «մաֆիայի» անդամ՝ նախագահ Արմեն Սարգսյանը։

Մեր միակողմանի կախվածությունը Ռուսաստանից ամենևին էլ չի նվազել, այսինքն՝ չկա որևէ բան, որ ես համարեմ արմատական փոփոխություն։ Միակ բանն այն է, որ մարդկանց մեջ փոփոխություն կատարելու հնարավորության գիտակցությունն է ավելացել, բայց ցանկացած երկրում, որտեղ փոքրիշատե ժողովրդավարություն կա, դա բնականոն զգացողություն է։ Հետևաբար համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, որ կատարված փոփոխությունները դիմահարդարային փոփոխություններ են։

– Դուք ժողովրդավարության հաստատման ամենամեծ ջատագովն եք, կարծում եք՝ այս ուղղությամբ է՞լ քայլեր չեն արվել, չի՞ բարձրացել արդյոք ժողովրդավարության մակարդակը։

– Կարող եմ արձանագրել, որ այսօր, քանի որ նախկին իշխանությունները ընդդիմության կարգավիճակում են, նրանց խոսափողների թիվն ավելացել է, ընդդիմությունը նախկին սահմանափակումը չունի։ Բայց ժողովրդավարության տեսակետից որևէ բան չի կատարվել։ Ամենավիրավորականն ազգի համար այն է, որ կա առաջադրված բանաձև, բոլորը գիտեն, որ Սահմանադրությունն ընդունվել է այլընտրանքի ուրացումով, իշխանություններն էլ գիտեն, որ դա հանցագործություն է, բայց իրենք այդ ծանր հանցագործությանը չկամեցան անդրադառնալ՝ չնայած դիմել ենք Դատախազություն ու ԱԱԾ, ասել ենք, որ Գագիկ Հարությունյանն ու իր ընկերները միտումնավոր դա թաքցրել են, նշել ենք, որ կան նույնիսկ տեսաֆիլմեր այդ բոլորի հետ կապված, բայց որևէ արձագանք չկա։

Ժողովրդավարություն նշանակում է երկրի բոլոր քաղաքացիների կողմից կառավարում, իսկ երկրի քաղաքացիների զգալի մասը դրսում է ապրում, և նրանց  իրավունքներն ամբողջությամբ ոտնահարված են։ Նրանց արգելված  է մասնակցել երկրի կառավարությանը, ժողովրդավարության ոլորտում որևէ քայլ չի արվել, և շատ ամոթալի է։ Բթամիտի համառությամբ շարունակում է ասել՝ ամեն ինչ լավ է, հետևաբար ամենակարևոր հարցում մենք թերանում ենք։ Եթե եվրոպական որոշ երկրներ կիսատ-պռատ «բանի տեղ են դնում» մեր հեղափոխականներին, ապա, օրինակ, Ամերիկան նույնիսկ արհամարհանքի չի արժանացնում, չի էլ նկատում։

– Վարչապետն օրերս իր հարցազրույցում նշել էր, որ ոչ մի իշխանություն այնքան չի քննադատել Միացյալ Նահանգներին, որքան ինքը։ Ինչի՞ նշան է իր այս հայտարարությունը։

– Դրանով նա ուզում է հաճոյանալ Ռուսաստանի իր ստրկատերերին, որովհետև այդպիսի բան որևէ նորմալ մարդ չի ասի։ Ո՞ւմ մոտ ես գլուխ գովում՝ տեռորիստների՞, Թալիբանի՞ն ես հաճոյանում, դա առողջ հայտարարություն չէ։ Հայը պետք է հավասարակշռված մոտեցում ունենա։ Բայց ռուսասիրությունը որպես արտաքին քաղաքական կողմնորոշում որդեգրած մարդուց այլ բան սպասել չէր կարելի։ Ինքն ասում է՝ մենք  հավասարակշռված քաղաքականություն ենք վարում, դա իր հերթական ստերից մեկն է։ Ինչպե՞ս կարող ես հավասարակշռված քաղաքականություն վարել, երբ ԵԱՏՄ անդամ ես։

– Այսինքն՝ կարծում եք չի փոխվել նաև հայ-ռուսակա՞ն հարաբերությունների բնույթը։

– Բնականոն հարթություն պետք է տեղափոխվի. եթե խոսում ես ինքնիշխանության ու հայամետության մասին, պետք է գործով ապացուցել։ Վարչապետի մակարդակով ելույթ ես լսում ու ուղղակի չես կարողանում շարունակել դա լսել,  ժարգոնային խոսակցություն է՝ «ա»-ով, դուխովներով. նողկալի է… առաջարկեցինք պաշտոնապես քայլ անել միասնական ուղղագրության վերականգնման հարցում, գրաբարը դպրոցներում ուսուցանելու ուղղությամբ՝ ցրողական պատասխաններ ստացանք, այնպես որ՝ իրենք  հայ լինելուց շատ հեռու են։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով