Շոու-բիզնես

«Ես 35 տարեկան եմ՝ ուղղակի երկու անգամ». Աշոտ Ղազարյանը դարձավ 70 տարեկան

Սիրված դերասան, կատակերգու Աշոտ Ղազարյանը դարձավ 70 տարեկան : Դերասանն արդեն հասցրել է իր ծննդյան տարեդարձը նշել Կրեմլի համերգային դահլիճում․ 5 ժամանոց շոուն հիացրել է ներկաներին։ Արդեն իրականացված ծննդյան, ապագա պլանների եւ կյանքում գրանցած հաջողությունների մասին զրուցել ենք սիրված դերասանի հետ, իսկ նրա ընտանիքը նաեւ գեղեցիկ ֆոտոշարք է ունեցել Bravo.am-ի համար։

– Պարոն Ղազարյան, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Մոսկվայից, ասում են՝ աննկարագրելի միջոցառում է եղել՝ 5700 հանդիսատեսով եւ 5 ժամանոց շոուով։

– Այնքան ջերմություն, սեր եւ կարոտ կար այդ հանդիսատեսի մեջ։ Մարդիկ գնել էին տոմսը եւ սիրով եկել։ Շատ ջերմ եւ անչափ ուրախ մթնոլորտում անցավ, դա համերգ չէր, այլ մի մեծ ներկայացում, որին մասնակցում էին մեր բոլոր աստղերը, որոնք եկել էին ինձ հետ ուրախանալու, ուրախությունս կիսելու, ես էլ պատրաստ եմ մշտապես լինել այն մարդկանց կողքին, ովքեր այդ օրն ինձ հետ էին։ Ես մինչ այդ դեռ ամիսներ առաջ շատ էի մտածում, որ ամեն բան լավ անցնի, որպեսզի մարդիկ հուսախաբ չլինեն, եւ ինքս ինձ հուսախաբ չարեցի։

– Ոչ մեկ չի հավատում, որ 70 տարեկան եք, ո՞րն է երիտասարդ մնալու գաղտնիքը։

– Ես 70 չեմ, ես 35 եմ ՝ ուղղակի երկու անգամ։ Երիտասարդ մնալու հարցում մեծ դեր ունեն իմ գեները․ մայրս 90 տարեկանում մահացավ, ով տեսնում էր, ասում էր՝ 60 կամ 70 տարեկան է, քեռիս էլ ողջ է, 103 տարեկան է,առողջականը, փառք Աստծո, տեղն է, առանց ակնոց թերթ է կարդում, ինքը ռուսերենի ուսուցիչ է եղել եւ մինչեւ օրս էլ իր թոռներին եւ ծոռներին ռուսերեն է սովորեցնում։ Սա էլ է տեսակ, գեն, ես հոգնել չունեմ, ավելին՝ հոգնում եմ պարապությունից, անգործությունից։

– Խոստովանեք՝ տիկին Մելանյայի դերն էլ անսահման մեծ էր երիտասարդ մնալու գործում։

– Ես ամեն առավոտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ինձ Մելան է տվել։ Ասում են չէ՝ սերը գոյության հանճարն է միակ, ես էլ ասում եմ՝ Մելանն իմ գոյության հանճարն է միակ, կան իմ կողքն այլ հանճարներ եւս՝ զավակներս, թոռներս, բայց Մելանի դերն իմ կյանքում աննկարագրելի մեծ է։

Աշոտ Ղազարյանը

– Պարոն Ղազարյան, խոսեցիք գենի կարեւորության մասին․ թոռնիկների մոտ էլ ղազարյանական գենն է իշխում, բոլորը տաղանդավոր են: 

– Թոռներս այսօր դեռ որոնումների մեջ են, որդուս աղջիկը բավական հզոր ձայն ունի, իսկ որդին՝ թույլ ձայն, բայց մեծ ճաշակ։ Շուտով 9 տարեկան կլինի, դեռ ժամանակ ունի։ Գիտեք՝ թոռներիս միշտ խորհուրդ եմ տալիս, որ երբեք մեծամիտ չլինեն, որովհետև ժողովուրդը նման մարդկանց չի սիրում։ Ասում եմ, որ պետք է լինել պարզ, քանի որ թե՛ բարձրացնողը, թե՛ գցողը ժողովուրդն է, պետք է ծառայել ժողովրդին։

– Չմոռանանք Աշոտ Ղազարյան-կրտսերին․ ինչպե՞ս եք ժամանակ անցկացնում միասին եւ արդյո՞ք ձեր փոքրիկ թոռնիկը ձեզ հետ միասին Մոսկվայում էր։

– Բացի Աշոտից բոլորն այնտեղ էին, նա դեռ Կրեմլ տանելու բան չէ։ Ես շատ քիչ եմ ազատ լինում, բայց որ լինում եմ, իհարկե, զբոսնում ենք, խաղում, գալիս է եւ ավերում մեր տունը։ Ասո՞ւմ են, չէ՞, պապ ու թոռ ինչո՞ւ են իրար այդքան սիրում․ որովհետեւ մի խելքի են։

– Տաղանդի առումո՞վ էլ է նման պապիկին։

Եթե մյուս թոռներս լավ երգում են, ապա Աշոտը միայն չի երգում, անում է ամեն ինչ՝ դերասանություն, հումոր, նմանակումներ։ Սիրելի կոմպոզիտորն էլ Մոցարտն է, նստում է մեքենան եւ հայրիկին խնդրում, որ Մոցարտ միացնի։ Մի քանի օր առաջ լուրջ-լուրջ դաշնամուր էր նվագում, հարցնում եմ՝ ի՞նչ ես նվագում, ասում է՝ Մոցարտ, էլ ի՞նչ։

Աշոտ Ղազարյանը

– Պարզվում է, արդեն սերիալում եք նկարահանվում․․․

– Շատն եմ հրաժարվել եւ առաջարկներ մերժել, ուղղակի սերիալը շատ ժամանակ է խլում։ Իսկ համաձայնեցի, քանի որ ով տեսնում, հարցնում էր՝ ո՞ւր եմ, ինչո՞ւ չեմ նկարահանվում, չկամ նախագծերում, հեռուստատեսությամբ։ Դիանա Գրիգորյանին շատ եմ հավանում, թե՛ որպես մարդ, թե՛ որպես ընկեր, հիանալի աղջիկ է, աշխատասեր։ Հաճույքով նկարահանվում եմ եւ չեմ էլ հոգնում, հետո, եթե ստեղծագործական անձնակազմը լավ է աշխատում, տաղանդավոր մարդկանց հետ հաճելի է դառնում ամեն բան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով