Ազատ խոսքՇոու-բիզնես

Ես ու ինքը նույն տարիքի ենք, մենք նման ենք․դժվարություններ, չունեվորություն, ապա հզորացում ու հաջողություն․ Դավիթ Գրիգորյան

Ես ու ինքը նույն տարիքի ենք, մենք նման ենք․դժվարություններ, չունեվորություն, ապա հզորացում ու հաջողություն։ Դերասան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ու ինքը նույն տարիքի ենք։ Ես էլ, ինքն էլ՝ 28 տարեկան։ Մենք նման ճանապարհ ենք անցել։

Սկզբում դժվարությունների ու չունեվորության, ապա պայքարի, հասունացման ու կայացման, հզորացման ու հաջողությունների փուլերով։ Իմ հերոս բանակն ու ես մարտնչել ենք, ընկճվել, բայց մի կոնկրետ պահի ոտքի կանգնել ու զրահը վեր հանելով՝ հաղթել։

Ես՝ նշանակում է մենք։ Մե՛նք, այն սերունդը, որ նորանկախ Հայաստանում ծնվեց։ Մեր ճակատագիրն իրապես նույնական է մեր ազգային բանակի ճակատագրին։ Եվ այն ծաղկունքը, որ այժմ ապրում է Հայաստանի Զինված ուժերը՝ ապրում է նաև մեր 28-ամյա սերունդը։

Մեր բանակի կազմավորումն ինձ հիշվել է հորս, նրա մարտական ընկերների, զինվորների՝ մեր տանն անդադար ծխելով ու հետագա անելիքները քննարկելով։ Չէ, էդ ծուխը բնավ տհաճ չէր։ Էդ ծուխը վերածնման ծուխն էր։

Մենք ապրում էինք փոքրիկ երկսենյականոց մի տանը, որտեղ հինգ հոգով հազիվհազ էինք տեղավորվում։ Հայրս, որ կամավորական «Լույս» ջոկատի հրամանատարն էր, իր տասնյակ զինվորների հետ քննարկումները ստիպված էր լինում կազմակերպել մեր տանը, որովհետև մեկտեղվելու այլ վայր չկար։

Իմ մանկության տուն-շտաբով, կիսամաշ ու խառը զինվորական համազգեստներով, անդադար հրճվացող ու բեղ ու միրուքով ազատամարտիկների բարությամբ է կազմավորվել մեր բանակը։

Նրանց կույր հավատով, որ իրենց կոտրելն անհնար է, որ իրենց արյունն այլ է, որ իրենք աշխարհն էլ շուռ կտան Հայաստանի համար, թե պետք լինի՝ կյանքը կտան հանուն հողի։

Հիմա էլ, երբ իմ սերնդակիցները, բանակի հասակակիցները հաջողում են, ես խորը համոզմունք ունեմ, որ հաջողում է մեր տարեկից ազգային բանակը։

Մեր հայրերի, հորեղբայրների, պապերի ու նրանց զավակների հաղթած Հայաստանի մարդը հողին ամուր է կանգնում Ձե՛ր շնորհիվ, տղե՛րք։
Շնորհավորում եմ իմ զինվոր եղբայրներին այս նվիրական տոնի առթիվ։
Բոլորդ առողջ դարձեք տուն»։

Կիսվել նյութով