ՄամուլՇոու-բիզնես

Ես հավակնորդներից ոչ մեկին չեմ հավատում, միայն հավատում եմ Նիկոլ Փաշինյանին. Միքայել Պողոսյան

Ես հավակնորդներից ոչ մեկին չեմ հավատում, միայն հավատում եմ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ո՛ւմ է սատարում, նշեց դերասան, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:

«Ես հավատում եմ նրան և այն ճանապարհին, որն ինքը բռնել է, իսկ այդ ճանապարհի ընթացում ինքն ում կառաջարկի, ինչ կանի… Ես ուղղակի հավատում եմ, որ այն, ինչ ինքն անում է, ուրեմն դա այսօր անհրաժեշտ է»,- նշեց մեր զրուցակիցը և նկատեց, որ ինքը կարող է համակրել այս կամ այն թեկնածուին, բայց դա իր համար էական չէ, որովհետև մեծ հաշվով չկա այնպիսի մեկը, ում 100 տոկոսով հավատում է, որ կարող է լինել Երևանի քաղաքապետ: Բայց այս դեպքում, դերասանի խոսքով՝ ընդունում է Նիկոլ Փաշինյանի ծրագիրը և սատար է կանգնում նրա գործունեությանը:

Իսկ թե ի՛նչ կփոխեր Միքայել Պողոսյանը մայրաքաղաքում, նա նշեց. «Քաղաքն այնքան է իր դեմքը կորցրել…  օրինակ` ոչ թե հիմա պետք է կառուցել Երևանը, այլ հակառակը՝ պետք է ձերբազատվել այն բոլոր այլանդակություններից, որոնք ստեղծել են մեր ղեկավարները: Կան շենքեր, կան դրվագներ այս քաղաքում, նույնիսկ արձաններ, որոնք պետք է ուղղակի հանել, քաղաքին չի սազում դա: Մեր քաղաքը դարձել է ամեն մեկի պոռթկման, դրսևորման տեղ, սա ուղղակի պետք է կարգավորել: Ես կսկսեի նրանից, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ԱԱԾ-ով սկսել հետապնդել բոլոր նրանց, ովքեր ապականել են մեր  իրականությունը, նույնը պետք է անել այս դեպքում: Պետք է քաղաքը մաքրել, զրոյի բերել՝ լավ իմաստով, հետո սկսել կառուցել»:

Ինչ վերաբերում է նախկին ավագանու աշխատանքին, արած-չարածին, որի հետևանքով Երևանում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, Միքայել Պողոսյանն ասաց. «Մենք նախկինը ջնջել ենք, ինչո՛ւ ենք հիմա հետ նայում, ջնջելուց հետո պետք չէ վերհիշել, մանավանդ որ, այնտեղ վերհիշելու բան էլ չկա»:

Աղբյուր՝ araratnews.am

Կիսվել նյութով