Մամուլ

Ես էլ ո՞նց ներդրում անեմ. Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը հիասթափված է իշխանություններից

Նոր կառավարությունն գործարարին իր խնդիրների հետ մենակ է թողել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը։ Նշենք, որ նրան պատկանող թռչնաֆաբրիկան ու տունը աճուրդի է հանվել։

«Չի կարելի ասել՝ գործընթացն ընթանում է օրենքի դաշտում, չէ՞ որ դուք եկաք անօրինականությունների մասին բարձրաձայնելով, հիմա ասում եք՝ էլ չեք կարող փողոց փակել։ Օրենքը նախկինում այնպես է շարադրվել, որ երբ ցանկանում ես մտնել օրինական դաշտ, փակուղու առաջ ես կանգնում»,–ասաց նա։

Գործարարը նշում է՝ 450 մարդ է աշխատում թռչնաֆաբրիկայում, ինքն էլ 9 հոգուց բաղկացած ընտանիք ունի։ «Նախկինում չէին վաճառում ֆաբրիկան, բայց նոր իշխանությունների օրոք շտապ վաճառվեցին բոլոր ֆաբրիկաները»,–նշում է ֆաբրիկայի սեփականատերը։

Նա հասկանում է, որ կառավարությունը գուցե ֆինանսական աջակցություն ցույց տալ չի կարող, սակայն կարող է այլ լուծումներ գտնել. «Հա վարչապետը չընդունեց, դե զբաղված է՝ ամբողջ օրը գիրք է բաժանում, բայց նախարարներից ոչ մեկ չի էլ կանչում, Արծվիկ Մինասյանը գոնե կանչում էր, ասում էր՝ քննարկենք՝ որքան է շուկայի անհրաժեշտությունը։ Իսկ հիմա կառավարությունում մասնագետներ չկան, որ կկանչեն, կհասկանան խնդիրը, կփորձեն օգնել. ոչ էկոնոմիկայի նախարարը, ոչ գյուղատնտեսության նախարարը չեն փորձում հասկանալ խնդիրը»։ 

Արմենակ Խաչատրյանը համոզված է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ չեն ներկայացնում խնդիրը, անտեղյակության մեջ են պահում. «Վարչապետին Սերժի պես գցել են կոլբայի մեջ, մարդուն իրականությունը ցույց չեն տալիս, տանում են սուպերմարկետն են ցույց տալիս, տանում են «գումի» շուկա պոմիդոր են ցույց տալիս, հիմա էդ մարդուն ճիշտը չեն ներկայացնում»։

Գործարարի խոսքով՝ 9 ամիս է դիմում է կառավարությանը, սակայն ոչ մի արդյունք։

Նա այլեւս ոչինչ չի ակնկալում կառավարությունից, հիասթափված է, որ կառավարությունը իրեն ոտքի կանգնելու հնարավորություն չտվեց. «Հավի միսը հիմա 1700 դրամ է, այն էլ կասկածելի է՝ թա՞րմ է թե՞ չէ, Ամանորին ձվի պակասուրդ կար, ձուն դարձել էր 150 դրամ, այսքանից հետո ինչու ինձ հնարավորություն չեն տալիս ոտքի կանգնել, եթե ես լինեի շուկայում, այդքան թանկ չէր լինի»։

Թռչնաֆաբրիկայի սեփականատիրոջ խոսքով՝ հիասթափված են նաեւ 450 աշխատակիցբները. «Ամբողջ կոլեկտիվը ասում է եկեք երկաթգիծը փակենք, չէ՞ որ հեղափոխության ժամանակ օրերով փակել էին՝ հույսով, որ մեր ֆաբրիկան կաշխատի, սակայն նրանց համար էլ հեղափոխությունը տեսանելի չէ; Ես որոշել եմ ինչքան պիտակ կա, բերեմ կառավարության դիմաց ու ամբողջ Երեւանով շաղ տամ։ Տարվա լավագույն թռչնամիս ճանաչվել ենք, բոլոր էքսպոների ժամանակ գումարներ եմ փոխանցել «Նվիրիր կյանքին», ինձ չէր հետաքրքրում, որ դա նախագահի կնոջն էր կամ ուրիշինը, ես կուսակցական չեմ»։ 

Նա նաեւ հիշում է Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիները. «Էլի Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ Արմեն, հանկարծ չփակես, ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ հիմա ինձ պետությունը լրիվ մենակ է թողել։ Ես էլ ո՞նց ներդրում անեմ, կարար վարչապետը կանչեր, ասեր Արմեն ջան արի քննարկենք, մեր հնարավորությունը սա է»։ 

Նշենք, որ Բաղրամյանի թռչանաֆաբրիկան 2017 թվականին սնանկ էր ճանաչվել։ Արմենակ Խաչատրյանի խոսքով՝  երեք թռչնաֆաբրիկաների ընդլայման գործընթացում եւ 2014 թվականի ինֆլյացիայի պատճառով մեծ վարկային պարտավորություններ էին կուտակվել։ Այժմ նա հույս ունի, որ կառավարությունը թույլ կտա իրեն մի քանի ամիս աշխատել, գործընթացը կասեցնել, իսկ ինքը կկարողանա կուտակված գումարը ետ վերադարձնել, ինչպես նաեւ 450 մարդ գործազուրկ չի դառնա։

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով