Մամուլ

«Ես ամենևին փխրուն ու անպաշտպան աղջիկ չեմ»․ Դիանա Գասպարյան․ Ֆոտո

«Ես ամենևին փխրուն ու անպաշտպան աղջիկ չեմ»։ Դիանա Գասպարյանը ՀՀ առաջին կին քաղաքապետն է ու  չնայած նա  չի սիրում շեշտել կին լինելու փաստը, այնուամենայնիվ, Էջմիածնի երիտասարդ ղեկավարին շատ է օգնում բնատուր հմայքը, բնակիչների հետ շփվելու առանձնակի ջերմությունն ու կանացի հոգատարությունը:

Վերը թվարկածին անձամբ ականատես եղանք Դիանա Գասպարյանի հետ  Էջմիածնում շրջելով: Տպավորություն էր, թե նա ճանաչում է մեր ճանապարհին հանդիպած բոլոր էջմիածինցիներին: Ջերմ բարևներ, լուսանկարներ, բարեմաղթանքներ՝  ակնհայտ է, որ Էջմիծնում սիրում են իրենց քաղաքապետին:

Էջմիածնի երիտասարդ, համարձակ, գեղեցիկ քաղաքապետ Դիանա Գասպարյանը Wnews.am-ի նոր հերոսուհին է:

-Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը, արդյո՞ք ժամանակ ունենում եք ինքներդ Ձեզ համար:

– Թարմեցնող ցնցուղով : Օրս  չի սկսվում շատ վաղ, ես շուտ արթնացող տեսակ չեմ և շատ ուշ եմ քնում: Արթնանում եմ   այնպես, որ  հասցնեմ գալ աշխատանքի: Շատ ժամանակ չեմ ծախսում  ինքս ինձ կարգի բերելու վրա, նախորդ օրը չեմ որոշում՝  ինչ եմ կրելու, առավոտյան՝  ըստ տրամադրության, ընտրում եմ  հագուստս և շտապում  աշխատանքի:  Ոչ աշխատանքային օրերին առավոտս սկսվում է նաև սուրճով:

Դիանա Գասպարյան

– Վերջին շրջանում, հատկապես կին քաղաքական գործիչների դեպքում, բացի աշխատանքը, հաճախ  քննարկում են նաև արտաքին տեսքը, հագուստը, արդյո՞ք դա Ձեզ դուր է գալիս:

-Այդ առումով  մեր քաղաքը յուրահատուկ է , որովհետև քննարկում են ոչ թե իմ հագուկապն ու տեսքը  , այլ՝ թե  ինչ գործ եմ ես անում  և արդյոք կարողանո՞ւմ է կինը այդ գործն անել :  Կին լինելը շատ խոցելի է դարձնում, այն, ինչ կարելի է տղամարդկանց, շատերի կարծիքով, չի կարելի կանանց,  ու կնոջ յուրաքանչյուր քայլ առանձնահատուկ ուշադրության է  արժանանում, բայց եթե ընտրում ես  քաղաքականությունը և վերցնում ես այդ բեռը քեզ վրա, պետք է պատրաստ լինես ամեն ինչի, նաև՝ դիմադրողականություն ձեռք բերես այդ ամենի նկատմամբ:

-Սեքսիստական էլ ի՞նչ դրսևորումների եք հանդիպել կամ հանդիպում Ձեր գործունեության մեջ:

-Բնականաբար, հաճախ են լինում նման դրսևորումներ,  բայց հավատացնում եմ, որ հատկապես բարդ քաղաքներում, որտեղ կան շահեր, կլաններ, խմբավորումներ,  կին լինելը քեզ կատարյալ անկախություն է տալիս:  Ես այն մոտեցման  կողմնակիցն եմ, որ Հայաստանում տղամարդու վրա ճնշում գործադրելը շատ ավելի  հեշտ է, քան կնոջ,  որովհետև տղամարդիկ ունեն ընկերներ, տղամարդկային չգրված կանոններ,  սրան-նրան չմերժելու չգրված պարտավորություններ և տղամարդուն ավելի հեշտ է այլևայլ  միջոցներով բերել քո դաշտ, իսկ կինն ունի սահմաններ, որոնք անցնել չի լինի և  որևէ տղամարդ իրեն թույլ չի տա: Ես այո՛ Հայաստանի առաջին և դեռևս միակ կին քաղաքապետն եմ, ես շատ հպարտ եմ այդ կոչումը կրելու համար և, ըստ էության, արդեն պատմության մեջ եմ, սակայն ես ցանկանում եմ աշխատել այնպես, որ ինձ գնահատական տան  որպես քաղաքապետի , այլ ոչ թե կին քաղաքպետի: Ես չեմ ուզում դա լինի իմ այցեքարտը :

Դիանա Գասպարյան

-Վերջերս ԱԺ-ում քննարկման թեմա դարձավ  «սիրուն աղջիկ» արտահայտությունը: Ձեր հասցեին էլ  կարող են  նման արտահայտություններ հնչել:  Ինչպե՞ս եք գնահատում  նմանատիպ միջադեպերը: 

-Ցավոք,  մեր թիմից շատ քիչ անդամներ են այնպիսի  բարոյական , հոգեբանական ճնշումների ու հարձակումների ենթարկվել, որքան ես՝ ընդհուպ մինչև ինչ- որ շինծու տեսանյութի տարածում՝ այլազգի դերասանուհու մասնակցությամբ, այլանդակ խոսակցություններ, բամբասանքներ, դրանք ինձ ուղեկցում են միշտ, այսինքն  իմ հասցեին ոչ թե «սիրուն աղջիկ», այլ շատ ավելի վատ բաներ եմ լսում ու կարդում: Մյուս կողմից՝ կարող եմ փաստել, որ իմ հասցեին  ավելի հաճախ լսում եմ «վճռական»«դուխով» բնորոշումները և  «փխրուն աղջկա» կերպարը իմ շուրջ  չի ձևավորվել:  Շատ եմ լսում , որ սկզբունքային եմ, ամուր եմ կանգնած  իմ գաղափարների , արժեքների շուրջ:  Ես չեմ ուզում   լինել փխրուն ու անպաշտպան աղջկա կերպարում, որովհետև ես  ամեևին այդպիսին չեմ : Ես  կարող եմ պաշտպանել ինձ և այն,  ինչին ես հավատում եմ և, կարծում եմ, դա երևում է:

-Այո՛, երևում է :  Ձեր հարցազրույցներում էլ այդպիսի կերպար եք ստեղծում, օրինակ  նշել եք, որ  ամուսնանալու ժամանակ չունեք, որովհետև պետք է աշխատեք: 

-Դա օբյեկտիվ իրականությունն է, բայց ոչ այդքան հաճելի իրականությունը, այսինքն դա իմ ընտրությունը չէ, առօրյան, իսկապես,  շատ հագեցած է: Ամուսնանալու համար պետք է առնվազն սկսել հարաբերություն,  շարունակել և հասնել տրամաբանական ավարտին,  իսկ դա պահանջում է ժամանակ, տրամադրվածություն: Աշխատանքն այս պահին թույլ չի տալիս:  Միևնույն ժամանակ, ես շատ կարևորում եմ ընտանիքի առկայությունը և, հնարավոր է,  մեկ այլ աղջկա համար ես շատ բաների  հասած  օրինակ եմ , բայց ես ինքս կարծում եմ, որ  կյանքում որևէ բանի դեռ չեմ հասել,   որովհետև չունեմ  ընտանիք և երեխաներ, այ երբ կունենամ և երբ դա   համադրված կլինի ինչ- ինչ հաջողությունների հետ ( պաշտոնն իրականում  ամենևին հաջողություն չէ, ընդամենը ծանր աշխատանք և ծառայություն է),  այդ ժամանակ նոր կհամարեմ, որ ինչ որ բանի հասել եմ այս կյանքում:

Դիանա Գասպարյան

-Նաև թողնում եք ինքնավստահ մարդու տպավորություն:  Արդյոք մի՞շտ է այդպես եղել:  Ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ ունեցե՞լ եք: 

– Հետաքրքիր է, որ  ես ինքնավստահ տպավորություն եմ թողնում, դա ինձ դուր եկավ, որովհետև  ինքս իմ մեջ անընդհատ երկխոսության մեջ եմ ցանկացած քայլի հետ կապված: Մյուս կողմից, եթե  ինչ որ բան որոշել եմ  և հավատացած եմ, որ դա կարևոր է, համոզմունք ունեմ ,  որ  ճիշտ ուղղու վրա եմ , որևէ բան ինձ չի կարող կանգնեցնել:  Ժամանակը ցույց է տալիս, որ ժողովուրդը  իմաստություն ունի  ճիշտը, արդարը անպայման զգում է եթե ոչ այսօր , ապա՝ վաղը: Ու եթե ես  իմ ընտրած  ճանապարհի մեջ  լինեմ արդարամիտ, եթե լինեմ սկզբունքային ամեն ինչ կստացվի: Ինքնավստահությունը  գաղափարախոսություն է, քո արժեքների հանդեպ հավատ:  Անինքնավստահության պահեր միշտ լինում է,  բոլորի մոտ է լինում և դա նույնիսկ լավ է, ավելի լավ է մի պահ կանգ առնես մտածես արդյոք ճի՞շտ ես գնում, քան չանես դա  և սխալ տեղ հասնես:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով