ՄամուլՄշակույթ

Եթե ընտրությունների գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա. ինքը երդվյալ տղա է. Հարություն Մովսիսյան

Եթե ընտրությունների գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա. ինքը երդվյալ տղա է. Հարություն Մովսիսյան

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները հարյուր տոկոսով լավն են լինելու, ժողովրդի սրտով: Մեր ազգը երկար տանջվեց, հիմա շատ կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան:

Բայց եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա: Ինքը երդվյալ տղա է, ասում է` եթե ինքն էլ սխալվի, իրեն էլ հանենք: Չի համարում, որ հավերժ է եկել իշխանության»,-  նման տեսակետ հայտնեց Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը:

Նա հիշեցնում է ժողովրդական հայտնի խոսքը` «Ձայն բազմաց` ձայն Աստծո»: Դերասանի կարծիքով` ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ` քաղաքական վատ գործչի:

Հարցին, թե ինչպես է գնահատում հանրապետականների շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Հանրապետականների շանսերը մինիմալ են, ժողովրդի մեջ իրենցից լավ տպավորություն չի մնացել, իսկ Փաշինյանի հետեւում ոչ միայն հայաստանցիներն են, այլեւ ամբողջ հայ ազգը»:

Մեր զրուցակիցն այն համոզման է, որ քաղաքական դաշտում անհրաժեշտ է ընդդիմություն ձեւավորել:

Նա ընդդիմադիր գործիչներին համեմատում է թատերագետների հետ. «Երբ դերասանը լավ չի խաղում, թատերագետը քննադատում է նրան, նույնը քաղաքական դաշտում պետք է լինի»,- նկատեց նա:

Դերասանը երազում է, որ Հայաստանում շատ կուսակցություններ չլինեն, լինեն միայն երկուսը. «Թե չէ ամեն մեկն իր կուսակցական շահերն է առաջ տանում, ժողովրդի մասին չեն մտածում, այլ իրենց կուսակցության անդամների»,- մեկնաբանեց պարոն Մովսիսյանը:

Նա նաեւ ցանկություն հայտնեց, որ Հայաստանում գա մի օր, երբ մարդիկ քաղաքականությունից չխոսեն. «Ուզում եմ ամեն մեկս սուսուփուս մեր գործն անենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով