Շոու-բիզնեսՔաղաքականություն

Եթե ես լինեի վարչապետ, ինձ կամ կխփեին, կամ երկիրը երկիր կդառնար. Սարգիս Գրիգորյան

Եթե ես լինեի վարչապետ, ինձ կամ կխփեին, կամ երկիրը երկիր կդառնար… «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան Սարգիս Գրիգորյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, պարզել, թե այս կամ այն իրավիճակում իրեն ինչպես կդրսեւորեր դերասանը: Սարգիսը նշել է, թե ում կերպարն է իրեն երբեւէ ոգեշնչել, եւ ինչպես են ինքն ու կինը՝ Մանո Գրիգորյանը, հարթում ընտանեկան վեճերը:

-Սարգի՛ս, միշտ հավատացել եք, որ կարող եք…

-Ասածիս տեր լինել, համենայնդեպս, ամեն ինչ անում եմ դրա համար:

-Ռեինկարնացիա՞, թե՞ հավիտենական կյանք:

-50/50 է երկուսի հավանակությունն էլ:

-Երբ սկսեցիք հետաքրքրվել քաղաքականությամբ, հասկացաք, որ…

-Մեծ սխալ գործեցի, բայց, այնուամենայնիվ, խղճիս դեմ չեմ կարող գնալ: Խիղճս հուշում է, որ իմ տեսակը պետք է արտահայտի իր կարծիքը, հնչեցնի իր խոսքը:

Սարգիս Գրիգորյան

-Եթե չլինեիք բեմի մարդ, կնախընտրեիք լինել…

-Իրավաբան երեւի:

-Ո՞ր նկարչին կվստահեիք Ձեր դիմանկարը:

-Ինձ շատ չեն նկարել, որ առանձնացնեմ մեկին, բայց կերազեի` մեր մեծերից Երվանդ Քոչարը նկարեր ինձ:

-Երբ Ձեզ թվում է, որ անելանելի վիճակում եք…

-Ընտանիքիս կողքին եմ լինում եւ աղոթում եմ:

-Հաղթում է նա, ով…

-Խղճին չի դավաճանում: Խիղճը ճշմարտությունն է հուշում, իսկ ճշմարտությունը հաղթանակ է:

-Ո՞ւմ կերպարն է Ձեզ միշտ ոգեշնչել:

-Ռոբերտ դե Նիրոյի տեսակը:

-Ի՞նչ կասեք Ձեզ սիրահարված երկրպագուին:

-Թող լավ լինի, կյանքում հաջողակ լինի, գտնի իր տեղն ու դիրքը կյանքում:

սարգիս գրիգորյան

-Ո՞ր ֆիլմում կցանկանայիք նկարահանվել:

-«Ջոկեր»-ում… Սպանում է Հոակին Ֆենիքսն իր խաղով… Դերասանական մաստեր-կլաս է դա… Եթե նույնիսկ սցենարը ինչ-որ առումով սրտովս չէ (ես չէի արդարացնի Ջոկերի արարքները, իսկ ֆիլմում արդարացվեց), դերասանի խաղը ամեն բան ծածկեց: Ես մտածում եմ, որ Ջոկերը կարող է դառնալ 21-րդ դարի լավագույն մարմնավորում:

-Ձեզ հիմնականում նախանձում են նրանք, ովքեր…

-Ընդհանրապես նախանձում են նրանք, որոնց ցանկությունները չեն իրականացել, որոնք նստել են թախտին, սպասել են բախտին:

-Հատկություններ, որոնցով տղամարդն անպայման պետք է օժտված լինի:

-Արժանապատվություն, ինքնասիրություն, պահանջկոտություն եւ հոգատարություն:

-Ձեր եւ Ձեր կնոջ՝ Մանոյի փոքրիկ վեճերն ինչի՞ց են ծագում:

-Մենք անընդհատ ենք վիճում, բայց այդ վեճերը հինգ րոպեանոց կյանք ունեն, շուտ ենք մոռանում. եթե հիշաչար լինեինք, մենք որպես ամուր զույգ ճանաչված չէինք լինի: Եթե զայրույթից հետո մարդու մեջ մի բան մնում է, դա հետո խնդիր է ստեղծում: Ես հաստատ կբաժանվեի, եթե իմ մեջ ինչ-որ բան մնար… Այդ դեպքում միայն հեռանալու դեպքում ես թեթեւանում. եթե թեթեւանում ես, կարողանում ես նոր բան սկսել… Բայց մենք չենք պահում մեր մեջ ոչինչ, ես եւ Մանոն իրար լավ ենք ճանաչում եւ ընդունում ենք թերություններով հանդերձ:

Սարգիս Գրիգորյան

-Եթե Դուք լինեիք երկրի վարչապետը…

-Այնքան խնդիրներ կան լուծելու… Առաջին հերթին բանակում տեխնիկական համալրում կիրականացնեի, որպեսզի քիչ զինվոր զոհվեր: Եթե ես լինեի վարչապետ, կլինեի այնպիսին, ինչպիսին հիմա եմ, իսկ թե դա ինչի կհանգեցներ, չեմ կարող ասել: Համենայնդեպս, հատուկ բան չէի անի, իմ սկզբունքներով կառաջնորդվեի. կա՛մ կխփեին, կա՛մ երկիրը երկիր կդառնար:

-Պահ, որ մի ամբողջ կյանք արժեր:

-Դուստրերիս ծնունդների պահերը:

-Ձեր բնավորության ամենաուժեղ գիծը համարում եք…

-Պատասխանատվության զգացումը:

-Երբեք չեք ներում այն մարդուն, որը…

-Քծնողներին, սրիկա ժպիտով մարդկանց, որոնց ամեն խոսքի տակ ենթատեքստ ունեն… Այդ մարդկանց երբեք չեմ հասկանում: Գուցե բիզնես տեսանկյունից շահեկան է այդ կերպարը, բայց դրանք ամենադավաճան մարդիկ են:

-Նկարագրեք, ըստ Ձեզ՝ որո՞նք են հանգստի համար իդեալական պայմանները:

-Նայած՝ ինչ հոգեվիճակում ես: Ինձ համար ծովում լինելն է իդեալական հանգիստը, 50 գրամ կոնյակը, բլյուզ երաժշտությունը… Այս պահին այդ պատկերն աչքերիս առաջ եկավ:

Սարգիս Գրիգորյան

-Հակահերոսներից ամենաշատը Ձեզ հետաքրքրում է…

-Հիտլերը:

-Այս հարցերից ո՞րն ամենաշատը Ձեզ դուր եկավ:

-Բոլոր հարցերն էլ դուրս եկան, շնորհակալություն:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով