Մամուլ

Դատավորի կինը 2 մլն դրամի չափով այլ եկամուտ է ունեցել

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը բավականին ապահովված է։ Նրա դրամական միջոցները 2017 թվականին (2018 թվականի տարեկան հայտարարագիրը չի ներկայացրել) կազմել են 7.2 մլն դրամ, 59 հազար 200 դոլար, 4650 եվրո։

Դատավորը 2017-ին ունեցել է 11 մլն 441 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։ Նրա ամսական աշխատավարձը կազմել է 953 հազար դրամ։ Բավականին ուշագրավ հայտարարագիր է ներկայացրել նրա կինը՝ Ադրինե Գրիգորյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դատավորի կինը 2017-ին 30 մլն 344 հազար դրամով բնակարան է գնել։ Նրա փոխառությունը տարեվերջին կազմել է 9 մլն դրամ։ Սա դեռ ամենը չէ։ Ադրինե Գրիգորյանի դրամական միջոցները կազմել են 90 հազար 200 դոլար և 9 մլն դրամ։

Որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական կազմել է ավելի քան 581 հազար դրամ։ Բացի այս, նա 801 հազար դրամ ստացել է տրված փոխառության դիմաց հատուցում և 349 հազար դրամ՝ միանվագ վճար։

Պարզվում է՝ դատավորի կինը 2017-ի ընթացքում 2 մլն 235 հազար դրամի չափով «այլ եկամուտ» է ունեցել։ Թե որտեղից է նա այս եկամուտը ստացել, պաշտոնական փաստաթղթում նշված չէ։

Կիսվել նյութով