Մամուլ

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել նաև Արսեն Թորոսյանը․ նրանք առերեսվել են

Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։

Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։

Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն է։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։

Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանը առերեսվել են, ընդ որում՝ առերեսման ժամանակ Արսեն Թորոսյանը պնդել է, թե Դավիթ Սանասարյանն իրեն ասել է, որ տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից։ Դավիթ Սանասարյանը, սակայն,  Թորոսյանի պնդումը հերքող ապացույց է ներկայացրել նախաքննական մարմնի ուշադրությանը։ Խոսքը գնում է Ֆեյսբուքում Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի անձնական նամակագրության մասին, որտեղ Սանասարյանը նշել է ճիշտ հակառակը։

Ապրիլի 30-ին  հրավիրված ասուլիսում Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, նախաքննական գաղտնիք չհրապարակելու զգուշավորությամբ, ասաց, թե Դավիթ Սանասարյանի բարեխիղճ և ազնիվ լինելը ցույց տվող որոշակի օբյեկտիվ տեղեկություններ են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: «Նա իր հետ շատ մտերիմ անձի հետ խոսակցության ժամանակ այս հանգամանքների մասին գրում է դեռևս այն ժամանակ, երբ քրեական գործ չի եղել»,- նշեց փաստաբանը։ Ընդ որում, նախաքննական մարմնին Սանասարյանի կողմից այս տեղեկատվության ներկայացումից անմիջապես հետո՝ հենց  նույն օրն է Սանասարյանին մեղադրանք առաջադրվել։

Արսեն Թորոսյանի՝ գործին առնչություն ունենալու հանգամանքից Դավիթ Սանասարյանը հրաժարվեց խոսել ասուլիսում։ Նրան հարց  ուղղվեց, թե ինչպիսին է Արսեն Թորոսյանի դիրքորոշումն այս գործում՝ կարծիք հայտնե՞լ է, ինչին ի պատասխան ՊՎԾ նախկին պետը խուսափողական պատասխան տվեց․ «Չենք կարող ոչ մի բան ասել էս պահին։ Եթե հիմա ասեմ՝ կարծիք է հայտնել, էդ մենք արդեն մտնում ենք էդ դաշտ (նախաքննական գաղտնիքի, խմբ․), ասենք չի հայտնել, նորից էդ դաշտում են»։

Ի դեպ, այս ամենի համատեքստում  հետաքրքիր է  այն փաստը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքի անձնական էջը «անհետացել է»։ Խոսքը ոչ թե պաշտոնական, ֆեյսբուքի կողմից հաստատված էջի մասին է (likepage), այլ անձնական պրոֆիլի։ Այս հանգամանքը նախարարի խոսնակը պատճառաբանեց առողջապահական մեկ այլ խնդրի հետ կապված ֆեյսբուքյան օգտատերերի հարձակումներով։

Արսեն Թորոսյանի տված ցուցմունքի և Սանասարյանի հետ առերեսման   մասին մեզ չհաջողվեց  մանրամասներ  պարզել՝  «նախաքննական գաղտնիք է» պատճառաբանությամբ։

Աղբյուր՝ factor.am

Կիսվել նյութով