ՄամուլՍպորտ

Գոռ Վարդանյանը սաների ծնողներին խաբելով գումարներ է վաստակում. Տիգրան Չոբանյան

ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի (ՀԱՈՒՖ) նախագահ Տիգրան Չոբանյանը հայտնում է, որ Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը խաբում է իր ֆեդերացիայի սաների ծնողներին: Ըստ նրա՝ Վարդանյանի ֆեդերացիան չունի ճանաչում միջազգային այնպիսի լուրջ կազմակերպության կողմից, որը զբաղվում է ոլորտի կարգավորմամբ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Չոբանյանը խոսեց Վարդանյանի գործունեությունից:

«Դուքենդո ֆեդերացիան բացարձակապես խաբեբայություն է՝ սկսած անվանումից: Այն չունի միջազգային ճանաչում միջազգային որեւէ կազմակերպության կողմից, որն իրավունք ունի համակարգելու այդ ոլորտը: Բառարաններում դուքենդո բառ չկա, հորինված բառ է: Հետեւաբար՝ նշանակում է, որ այդ ֆեդերացիայում գոտիների շնորհում, դաների շնորհում… ամեն ինչ խաբեբայություն է: Գոռ Վարդանյանն իր բոլոր գոտիներով, դաներով խաբեբայություն է, մարզիչները՝ նույնպես: Այսօր նրանք, ծնողներին խաբելով, գումարներ են վաստակում»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ Չոբանյանը նշեց, որ Վարդանյանն աստիճանաբար կորցնում է հանրության վստահությունը: Ըստ Չոբանյանի՝ քանի որ մեր օրերում տեղեկատվական աղբյուրները շատ են, ծնողները սկսում են հասկանալ, որ իրենց խաբում են: Նա ասում է, որ Վարդանյանն ԱՄՆ-ում նույնպես դուքենդոյի խմբակներ ունի, եւ այնտեղ էլ մարդիկ սկսել են չհամակրել նրան: Դրա պատճառներից մեկն այն է, թե վերջերս ինչպես է Վարդանյանն իրեն պահել Երեւանի քաղաքապետարանի նիստի ժամանակ, երբ ուժ գործադրելով Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին հանել է նախասրահից: Մյուս պատճառն այն է, որ ԱՄՆ-ում էլ հայերը սկսել են հասկանալ, որ նրա ֆեդերացիայի գործունեությունում ինչ-որ բան այն չէ:

Չոբանյանն ընդգծում է, որ Վարդանյանը վախենում է, որ այս տեմպերով մոտ ապագայում կկորցնի բիզնեսը, եւ այն փրկելու համար սկսել է օգտագործել իր լծակները, որոնք ունի որպես Երեւանի քաղաքապետի սպորտի գծով խորհրդական: Երեւանի ֆեդերացիաները դարձնում է իրավաբանական անձ իր վերահսկողության տակ պահելու համար:

«Կարատեն վերածել է բիզնեսի եւ այսօր զգում է, որ այդ բիզնեսը կարող է կորցնել: Ի՞նչ պետք է անի: Պետք է, օգտագործելով իր պաշտոնական լծակները, հնարավորին չափ ֆեդերացիաներն իրեն ենթարկի ու դառնա թելադրող, հսկող, կարգավորող՝ Ալ Կապոնե կարատեի դաշտում: Նրա իրական նպատակը դա է. մենք նրան շատ լավ ճանաչում ենք՝ փոքր տարիքից: Որեւիցե մեկին օգնելը Գոռ Վարդանյանի կերպարից ընդհանրապես հեռու է: Նրա նպատակն է պառակտել ֆեդերացիաները: Թուլացած ֆեդերացիաներին ինչ-որ ձեւով խաբելով դարձնել իրեն ենթակա, որպեսզի իր վրա աղոթեն: Լիդերի դիրքեր է ուզում հաստատել մարտարվեստների ոլորտում, ուրիշ ոչ մի բան»,- ասում է նա:

Որպես իրավաբանական անձ արդեն ձեւակերպվել է Երեւանի ուշուի ֆեդերացիան: Ըստ Չոբանյանի տեղեկությունների՝ նման կարգավիճակով գոյություն ունեն նաեւ Երեւանի ծանրամարտի ու սեղանի թենիսի ֆեդերացիաներ: Սա, Չոբանյանի պնդմամբ, կհանգեցնի ֆեդերացիաների պառակտմանը ու կվնասի սպորտին:

«Քաղաքային ֆեդերացիաները, հանդիսանալով իրավաբանական անձ, որպես հասարակական կազմակերպություն անկախ են եւ որեւիցե մեկին չեն ենթարկվում, եւ որ պահին քաղաքային ֆեդերացիան խնդիր ունենա հանրապետական ֆեդերացիայի հետ, այդ պահից սկսվելու է ֆեդերացիայի աշխատանքի պառակտումը: Եթե անհրաժեշտ է ունենալ քաղաքային կազմակերպություն, դա կարող է լինել, բայց ոչ որպես իրավաբանական անձ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանրապետական ֆեդերացիան պետք է միշտ իրավունք ունենա վերահսկելու մասնաճյուղին:

Չոբանյանը թեմայի շուրջ Վարդանյանի հետ նախկինում զրույցներ է ունեցել եւ կարծել է, թե նա հետ կկանգնի իր մտադրություններից, սակայն դա տեղի չի ունեցել: Այժմ նա միջոցներ է ձեռնարկել: ՀԱՈՒՖ-ն իր անդամ բոլոր մարզիկներին ու մարզիչներին արգելել է մասնակցել քաղաքային ֆեդերացիայի առաջնություններին: Ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ բոլոր մասնակցողները կհեռացվեն ՀՀ ֆեդերացիայից:

«Այդ դեպքում ի՞նչ է անելու քաղաքային ֆեդերացիան. դառնում է դատարկ կազմակերպություն կնիքով: Եթե նույնիսկ մարզիկները գնան մասնակցեն, զրկվելու են հանրապետական առաջնություններից, միջազգային՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններից, որտեղ Հայաստանից մարզիկներ ուղարկելը միայն ՀԱՈՒՖ-ի իրավասությունն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ դեպքում քաղաքային ֆեդերացիայի գոյությունը ոչնչով չի արդարացվի, այն կդառնա փուչիկ, որը կօգտագործի քաղաքապետարանի միջոցները:

Բացի նրանից, որ ՀԱՈՒՖ-ը մարզիկներին ու մարզիչներին արգելել է մասնակցել Երեւանի քաղաքային ֆեդերացիայի միջոցառումներին՝ նաեւ պահանջ ունի Գոռ Վարդանյանին: Իր անվստահությունն է հայտնել նրան եւ կոչ արել հրաժարական տալ քաղաքապետի սպորտի գծով խորհրդականի պաշտոնից:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով