Ժամանց

Գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը․ Ֆոտո

Գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը։ Խաչատրյան եղբայրները փայտից ակնոցներ են ստեղծում ու վաճառված յուրաքանչյուր ակնոցի դիմաց մի ծառ տնկում։

Sputnik Արմենիան գրում է․ Արդեն 5-րդ տարին է` Բաբկեն ու Դավիթ Խաչատրյանները փայտից ակնոցներ են պատրաստում: Գաղափարը նոր չէ, բայց եղբայրների ստեղծածը տարբերվում է մյուսներից. այս ակնոցները բացարձակապես ձեռագործ են ու բնական փայտից:

Փայտը, որ ներկրում են Իտալիայից, վերջնական մշակումն անցնում է բուսական հատուկ նյութերով ու մեղրամոմով, էկոլոգիապես մաքուր է:

փայտե ակնոց

«Առավելությունն այն է, որ փայտը բնական նյութ է ու օրգանիզմից վերցնում է մարմնի ջերմաստիճանը և ավելի հարմարավետ է դեմքին»,- ներկայացնելով փայտե ակնոցների առավելությունը` նշում է Բաբկեն Խաչատրյանն ու ավելացնում` յուրաքանչյուր ակնոցը 60 ժամ ու նվազագույն ճշգրտության աշխատանք է պահանջում:

Բոլոր մոդելների վրա կա «Պատրաստված է Հայաստանում» գրությունը: Չնայած կարճ ժամանակահատվածին` եղբայրների ստեղծած ակնոցներն արդեն ճանաչում ունեն՝ համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին, ու նրանք պատվերներ են ստանում ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլ նաև արտերկրից: Բաբկենը վստահեցնում է, որ իրենք հպարտորեն կարող են ներկայանալ ոչ միայն հայրենակիցներին, այլ նաև ամբողջ աշխարհին:

Իսկ ամեն ինչ սկսվել է հայրենի տան բակի բազմամյա թթենուն երկրորդ կյանք տալու որոշումից:

փայտե ակնոց

«Շուրջ 150 տարվա ծառ էր։ Երբ մեր պապերը Կարսից տեղափոխվել են Գյումրի, հենց այդ ծառի մոտ եղած տանն են ամբողջ ընտանիքով բնակվել։ Ծառը շատ էր մեծացել, ու որքան էլ ցավալի էր, բայց որոշվեց կտրել այն: Մեր հիշողության ծառը պահպանելու լավագույն ձևը այդ ծառի հումքից ինչ–որ բան պատրաստելն էր, ու առաջինը, ինչ պատրաստվեց, ակնոցն էր»,-պատմում է Բաբկենը։

Եղբայրները ծնվել ու մեծացել են Գյումրիում, ավարտել են Գեղարվեստի ակադեմիան: Լինելով նկարիչ–դիզայներ` Բաբկենն արդեն 10 տարի աշխատում է Երևանում: Հենց մայրաքաղաքում էլ նա կազմակերպում է դիզայնի ու մարքեթինգի գործընթացը, իսկ արտադրական պրոցեսն իրականացվում է Գյումրու ամենագեղեցիկ Ռուսթավելի փողոցում վարձակալած փոքրիկ արհեստանոցում:

Այդ գործընթացի գլխին եղբայրն է՝ Դավիթը: Խորհրդանշական է, որ արհեստանոցը Գյումրիում բացվեց սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը: Ակնոցների վաճառքը հիմնականում առցանց է, բայց համագործակցում են նաև մի քանի խանութների հետ:

փայտե ակնոց

Իրենց գործի հաջողության գրավականը համարում են ոչ միայն արյունակցական կապը, այլ նաև իրար լրացնելու հմտությունն ու գործին նվիրված թիմ ունենալը:

Գյումրեցի եղբայրները մի հետաքրքիր ոսկե կանոն ունեն՝ ամեն վաճառված ակնոցի փոխարեն տնկում են 1 ծառ՝ Էկոհավասարակշռությունը պահպանելու համար: «Բնությանը վերադարձնում ենք այն, ինչ վերցնում ենք: Ամեն տարի ապրիլին մենք տնկում ենք այնքան ծառ, որքան ակնոց վաճառել ենք»,- ասում է Բաբկենը։

Նրանք արդեն ավելի քան հարյուր ծառ են տնկել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով