Մամուլ

Բնական ճանապարհով սաղմնավորված եռյակներ Էսֆիրը, Իրենն ու Արենը շուտով տուն կգնան

Բնական ճանապարհով սաղմնավորված եռյակներ Էսֆիրը, Իրենն ու Արենը շուտով տուն կգնան: «3 տարի հետո կգաք այստեղ երեք երեխաներով», – ասել է քահանան երիտասարդ զույգի պսակադրության արարողության ժամանակ։

25-ամյա Համեստ Դոլուխանյանը միշտ ցանկացել է շատ երեխաներ ունենալ, բայց այդ օրը նա չէր էլ պատկերացնում, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես ասել էր քահանան։ Պսակադրությունից հետո անցել է 2 տարի, բայց նա ամուսնու հետ միասին արդեն երեք երեխա ունի՝ եռյակ։

Սովորաբար եռյակով հղիանում են ԱՄԲ-ի միջոցով, բայց Շահումյան գյուղի (Արմավիրի մարզ) բնակչուհի Համեստի մոտ հղիությունը բնական էր. որոշ ժամանակ դրանից առաջ նա բուժում էր ստացել հորմոնալ ֆոնը կարգավորելու համար, բայց ոչ մի օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիա (ԱՄԲ կամ ինսեմինացիա) չի կիրառվել։

Համեստն ասաց, որ շատ է ուրախացել, երբ թեստում տեսել է երկար սպասված հղիության երկու շերտը՝ դրանից առաջ մի ամբողջ տարի հղիանալ չէր հաջողվում։ Իսկ երբ ուլտրաձայնային հետազոտություն անցկացրին, պարզվեց, որ միանգամից երեքն է ունենալու։ Ամուսինների համար դա շոկ էր, բայց արագ ուշքի եկան եւ հասկացան, որ առջեւում նրանց բազմաթիվ հետաքրքիր օրեր են սպասվում։

Եռյակը ծնվեց մայիսի 2-ին՝ երկու աղջիկ եւ մեկ տղա։ Որոշեցին նրանց անվանակոչել Էսֆիր, Իրեն եւ Արեն։ Ծնվելիս նրանց քաշը 2050, 2045 եւ 1950 գրամ էր՝ քիչ չէ եռյակի համար։

Մանկաբարձ գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, որը վարում էր հղիությունը եւ կեսարյան հատում է արել, ասել է, որ երեխաներն առողջ են, բայց թերհաս։ Կեսարյան հատումն իրականացվել է հղիության 34-35 շաբաթում։ Մինչեւ հիմա նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նրանք քաշ էին հավաքում, մինչեւ որ մասնագետները սովորեցրին նրանց մայրիկին ճիշտ խնամել նրանց։

Հիմա երեխաները լավ են զգում եւ շատ շուտով կմեկնեն տուն։

«Ես միշտ ցանկացել եմ շատ երեխաներ ունենալ՝ առնվազն երեքը։ Ահա, առնվազն երեքն արդեն ունեմ», – ասել է Համեստը։

Կուզենա՞ արդյոք ապագայում էլի երեխաներ ունենալ՝ քույրեր եւ եղբայրներ եռյակի համար։ Ամեն բան կարող է պատահել՝ ժպտացել է նա։

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում