Մամուլ

Բիլյանը և Բարսեղյանը զրկված են Միայնակ Գայլին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից. Սեֆիլյանը դիմել է Փաշինյանին

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի պարոն վարչապետ,

Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջը և եղբորը՝ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից:

Մեր պետականությունը քայքայած և մեր ժողովրդին կեղեքած ռեժիմի մնացորդ դատավորն օրենքի տառի ձեռնածուական և երեսպաշտ մեկնաբանությամբ մերժեց նրանց այդ միանգամայն մարդկային իրավունքը:

Մինչդեռ նրանց պաշտպանները փայլուն կերպով ապացուցեցին, թե տվյալ պարագայում ինչու և ինչպես պետք է իրավունքը լուծի մեռած օրենքի տառը:

Դուք հեղափոխության առաջնորդն եք և ժողովրդից մանդատ եք ստացել երկրում վերահաստատելու իրավունքն ու արդարությունը:

Մեր պետականության և ազգի ապագայի համար կենսականորեն անհրաժեշտ է, որ Դուք օգտագործեք Ձեր քաղաքական ազդեցության և անուղղակի կառավարման մյուս բոլոր լծակները, որպեսզի ռեժիմի մնացորդները չշարունակեն ամեն քայլափոխի օրենքի տառը վկայակոչելով ոտնահարել դրանք:

Այս ոլորտում առկա ճգնաժամն հանգուցալուծելու ամենակարճ և արդյունավետ ձևը նախկին հանցավոր ռեժիմի և նրա կառավարած հակահայ ու հակամարդ համակարգի ամբողջական ու լիակատար իրավաքաղաքական գնահատականն է, որ մինչ օրս չի տրվել: Այդ գնահատականի օրգանական բաղադրիչը Սասնա Ծռերի հերոսական ապստամբության և մեր ժողովրդի զավակների այլ ընդվզումների իրավաչափության և խրախուսականության վերաբերյալ միանշանակ վերաբերմունքը պետք է լինի, որպեսզի դրանց մասնակիցները բռնապետական օրենքի տառին համապատասխան հետապնդվելու և ամբաստանվելու փոխարեն իրենց արժանի տեղն ու կարգավիճակն ստանան մեր հասարակության մեջ:

Հարգելի պարոն վարչապետ,

Իրենց ընկերոջ և եղբոր հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի մարդկային իրավունքը կյանքի կոչելու Ձեր քայլը էապես կամրապնդի մեր ժողովրդի հավատն ու վստահությունը իրավունքի, արդարության և ապագայի հանդեպ, ինչը շատ կարևոր է ներկայիս զգայուն և փխրուն ժամանակներում»:

Հարգանքով՝ Ժիրայր Սէֆիլյան

Կիսվել նյութով