Շոու-բիզնես

Բացօթյա նոր համերգ ու 1000 անվճար բուրգեր Տիմատիից․ ռեփերը հուլիսի 13-ին կժամանի Երևան

Բացօթյա նոր համերգ ու 1000 անվճար բուրգեր Տիմատիից․ ռեփերը հուլիսի 13-ին կժամանի Երևան։ Black Star լեյբլի համար խորհրդանշական 13 թիվը այս ամիս առանձնահատուկ կլինի նաև Տիմատիի հայ երկրպագուների համար․ հուլիսի 13-ին Տիմատին կժամանի Երևան, նույն օրը՝ ժամը 19:00–ին, կկայանա Black Star burger-ի պաշտոնական բացումը:

Ստեփան Շահումյանի անվան հրապարակում ռեփերը 1000 երկրպագուի կհյուրասիրի բուրգեր, այնուհետև հանդես կգա համերգով: Այս մասին տեղեկացրեց Երևանում գործող Black Star Burger-ի մարկետինգի մենեջեր Յուրի Մինասյանը։

Թե քանի երգ կերգի կատարողը, Յուրիի խոսքով, կախված է ներկաների տրամադրությունից ու տրամադրվածությունից: «Եթե արձագանքը ջերմ ու ակտիվ լինի, կշարունակի երգել: Երգերի հստակ քանակ չգիտենք: Բացման արարողության մուտքն ազատ է բոլորի համար: Տիմատին պատահականության սկզբունքով կընտրի, թե առաջինն ում կհյուրասիրի իր ձեռքով պատրաստված բուրգերը: Նա կընտրի ամենաակտիվներից մեկին:

Ռեփեր Տիմատի

Ծրագիրը նախատեսում ենք մոտ մեկ ժամ, որի ընթացքում նաև մրցույթներ ենք անելու սիրահարների համար: Հաղորդավարները Մգեր Արմենիան ու Եգոր Գլումովն են»,- ասաց Յուրին ու հավելեց, որ լեյբլի արտիստներից հստակ է միայն Տիմատիի այցը, մյուս արտիստների գալ-չգալու հարցն առայժմ քննարկվում է՝ հաշվի առնելով նրանց ծանրաբեռնված գրաֆիկը: Այդ օրը կերգի նաև Սրբուկն ու այլ հայ հայտնիներ:

Ռեփեր Տիմատի

Վերջինս նշեց, որ Տիմատին բուրգերներ պատրաստելու է հենց բեմում՝ պահպանելով սանիտարահիգենիկ բոլոր պայմանները: «Իհարկե, նա մենակ չի լինելու՝ մեր խոհարարներն ու մյուս աշխատակիցները ևս կլինեն, որպեսզի պրոցեսն արագ կազմակերպվի»,- ասաց Յուրին:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով