Մամուլ

Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:

Միջոցառումը նպատակ ունի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ-պետությունների առողջապահության բնագավառի հիմնական պատասխանատուների մակարդակով ներկայացնել և քննարկել տարածաշրջանային ծրագրի լիարժեք իրականացման և արդյունքների մշտադիտարկման մեխանիզմները, հասկանալ առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման նշանակությունը, որոշել այն առաջնահերթ ուղղությունները, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ԱՀԿ և այլ գործընկերների աջակցությունը, ինչպես նաև ընդգծել ԱՀԿ առաջնորդի դերը շահագրգիռ կողմերի և գործընկերների համատեղ ջանքերի համակարգման գործում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել ելույթով և շեշտել, որ բնակչության առողջության պահպանումը և հիվանդությունների կանխարգելումն  ամբողջ աշխարհում  առաջնահերթություն է:

Անդրադառնալով ներկայիս կյանքում  ընթացող բնական և սոցիալական պայմանների արմատական փոփոխություններին, որոնք հաճախ բնակչության առողջության համար ունենում են անկանխատեսելի հետևանքներ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է.

«Նման իրավիճակում անշուշտ կարևորվում են ռեգիոնալ գործողությունները, քանի որ վարակիչ հիվանդությունների հարուցիչները, դրանց փոխանցողները և պահոցները սահմաններ չեն ճանաչում, նրանց համար չկա երկիր ու ազգություն, էկոլոգիական, բնական  աղետները կարող են տարածվել և սպառնալ ամբողջ աշխարհամասերի, ողջ երկրագնդին: Նման իրադարձությունների միջազգային տարածման կանխարգելմանն էին ուղղված 2005 թվականի ընդունված Միջազգային առողջապահական կանոնները:

ՀՀ-ը, սույն կանոնները ներդնելու նպատակով, շարունակականորեն քաղաքական կամք է ցուցաբերում և անհրաժեշտ ռեսուրսներ է ապահովում: Կանոնների պահանջների տեսակետից հատկանշական է  հանրային առողջության պահպանումը բոլոր վտանգներից, արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը և արձագանքումը, ինչպես նաև համագործակցված գործողությունները: Վերջինս վերաբերում է ինչպես երկրի ներսում այնպես էլ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:

Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի, Ուզբեկստանի առողջապահության նախարարների, Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալի հետ:

Թուրքմենստանի նախարար Նուրմուհամմեդ Ամանեպեսովը Արսեն Թորոսյանին հրավիրել է ապրիլին այցելել Աշգաբադ, իսկ Ուզբեկստանի նախարար Ալիշեր Շադմանովը՝ հունիսին:

Առողջապահության նախարարը Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալի հետ քննարկվել են կլինիկական հետազոտությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախատեսվում են այլ  հանդիպումներ, այդ թվում հայ համայնքի հետ:

Կիսվել նյութով