Մամուլ

Արմեն Ջիգարխանյանին դարձյալ հոսպիտալացրել են

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դարձյալ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:

Տարեսկզբից սա արտիստի հինգերորդ հոսպիտալացումն է:

«Նախօրեին Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, սակայն կայուն»,- ասել է պաշտպանը: Նա արտիստի ախտորոշումը չի հստակեցրել՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը:

Դրանից բացի, Պարֆյոնովի խոսքով՝ հոկտեմբերի 22-ին նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով դատական նիստին Ջիգարխանյանի մասնակցությունն անթույլատրելի է՝ կապված ծանր հիվանդության հետ: «Նախկինում բազմիցս դատարան փաստաթղթեր են ներկայացվել դատավարությանը Արմեն Բորիսովիչի մասնակցության անհնարինության մասին»,- լրագրողներին ասել է նա՝ խնդրելով Ջիգարխանյանին «չգրոհել», այլ արտիստին «հանգիստ բուժվելու» հնարավորություն տալ:

83-ամյա Ջիգարխանյանը ղեկավարում է Մոսկվայի Դրամատիկական թատրոնը: Հայտնի է «Բարեւ, ես եմ», «Անորսալի վրիժառուները», «Շունը խոտի դեզին», «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Թեհրան-43», «Զերո քաղաք», «Անձնագիր», «Արքայասպանը» ֆիլմերում խաղացած դերերով: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II, III եւ IV աստիճանի շքանշաններով, Հայաստանի Պատվո շքանշանով:

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով