Մամուլ

Արմեն Գևորգյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Արդշինբանկի» վարչության նախագահ Արմեն Գևորգյանը մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունը հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը

ՀՔԾ-ն այլ մանրամասներ առայժմ չի հայտնում։

2007 թվականի հունիսից մինչև 2008 թ-ի ապրիլը Արմեն Գևորգյանը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նշենք, որ երեկ` հուլիսի 26-ին, նույն մեղադրանքն էր ներկայացվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը։

Նույն գործի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով